Հռոմի Պապը ուղերձ է հղել Ուկրաինայի հունածես կաթոլիկներին

Հռոմի Ֆրանչիսկոս Պապն ուղերձ է հղել Ուկրաինայում բնակվող հունածես կաթոլիկներին: Ինչպես այս մասին գրում է Vatican Insider-ը, իր ուղերձում Սրբազան Քահանայապետը մասնավորապես գրել է.
“Մեր երախտագիտությունն եւ գնահատանքն ենք հղում ձեզ հավատարմության եւ նվիրվածության համար, եւ կոչ ենք անում անդադրում վկայել Ավետարանի այն հույսը, որն ավելի լուսավոր է դարձնում մեր եւ մեզ շրջապատող եղբայրների եւ քույրերի կյանքը”:


Պարբերականը նաեւ նշում է, որ Սրբազան Պապի ուղերձը երեկ, ձեռամբ Պապական Աթոռի Պետությանց հետ հարաբերությունների քարտուղար ծիրանավոր Պոլ Ռիչարդ Գալահերի, փոխանցվել է Ուկրաինայի հունածես կաթոլիկների հոգեւոր առաջնորդ, Կիեւի տիտղոսակարի նախամեծար արքեպիսկոպոս Սվյատոսլավ Շեւչուկին:
Սրբազան Պապը նաեւ իր բաժնեկցությունն է հայտնել ուկրաինական հունածես կաթոլիկ համայնքի հովիվների բոլոր այն ձեռնարկներին, որոնք միտված են լուծելու Ուկրաինայում տիրող դժվար կացությունը եւ հոգեւոր մխիթարանք բերելու հավատացյալների համար:

Հիշեցնենք, որ Ֆրաչիսկոս Պապը Հավանայում, Կուբա, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի հետ հանդիպումից հետո ցանկություն է հայտնել հանդիպել Ուկրաինայի հունածես կաթողիկե եկեղեցու Սրբազան Սյունհոդոսի անդամների հետ այս օրերին հատկապես, երբ Ուկրաինայի Հունա-Կաթողիկե եկեղեցին հօշատակում է 1946 մարտի տխուր օրերի 70-ամյա տարելիցը:
Vatican Insider, Իտալիա

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ