Ներքաղաքական խաղեր. Լեւոն Զուրաբյանի ակնարկը վարչապետին. ով է ֆինանսավորել «Ոչ»- ականներին

Նախօրեին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի հետաքրքիր մի դրվագ պատշաճ ուշադրության չարժանացավ, թերեւս դրան անմիջապես նախորդած՝ Նիկոլ Փաշինյան VS Կարեն Ավագյան եւ Առաքել Մովսիսյան (Շմայս) աղմկոտ միջադեպի պատճառով:
Բանն այն է, որ այդ ժամանակ կառավարությանը հարց տալու իր հերթին էր սպասում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, եւ երբ նիստը վարող Էդուարդ Շարմազանովին հաջողվեց կրքերը հանդարտեցնել, նա խոսափողի մոտ հրավիրեց Զուրաբյանին՝ իր հարցը հնչեցնելու համար: Զուրաբյանը եկավ եւ դանդաղ ու հատ-հատ արտասանեց. «Հարգելի պարոն վարչապետ, եւ անցյալում նաեւ՝ «Ոչ»-ի, ներողություն՝  «Այո»-ի շտաբի պետ...»: Կարեւոր էլ չէ, թե ինչ հարց տվեց Զուրաբյանը, որովհետեւ կարեւորը ոչ թե նրա հարցն էր, այլ այս լեզվի սայթաքումը: Նա փաստորեն կանգնեց եւ ԱԺ դահլիճում ի լուր բոլորի Հովիկ Աբրահամյանին կոչեց «Ոչ»-ի շտաբի պետ: Ընդ որում, Զուրաբյանը այս մի քանի բառը նշել էր ձեռքում գտնվող թղթերում եւ ուշադիր կարդում էր, որպեսզի հանկարծ որեւէ բառ կամ տառ չսխալվի:

Իսկ ինչն էր այս՝ ամենայն խնամքով նախապատրաստված լեզվի սայթաքման պատճառը: Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին մոտիկից հետեւողների մեջ այս առումով կարող են մի քանի վարկածներ եւ հարցադրումներ առաջանալ: Մասնավորապես՝ արդյոք ՀԱԿ-ից ակնարկո՞ւմ են, որ «Ոչ»-ի շարժումը հենց Հովիկ Աբրահամյանն է համակարգել, այսինքն պաշտոնապես լինելով «Այո»-ի շտաբի պետը, վարչապետը աշխատել է նաեւ «Ոչ»-ի հետ: Կամ գուցե նա ընդամենը ֆինանսավորել է «ոչ»-ականներին, ռազմավարական եւ մարտավարական հարցերը թողնելով մյուս կարկառուն ներկայացուցիչներին: Այս առումով արժե հիշել, որ «Ոչ»-ի քարոզարշավի ընթացքում ակնհայտորեն ֆինանսական դժվարություններ չկային, ինչի վառ ապացույցն էին գեղեցիկ եւ թանկարժեք քարոզչական հոլովակները: Իսկ եթե այդպես է, ինչու հանկարծ խնամքով կազմակերպված լեզվի սայթաքման անհրաժեշտություն առաջացավ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ֆինանսական աջակցությունը դադարել է, քանի որ «Ոչ»-ը պարտվել է եւ այլեւս որեւէ բանի դեմ պայքարելու կարիք չկա: Եվ արդյոք սա նմա՞ն չէ շանտաժի, որի նպատակը ֆինանսական աջակցության վերականգնումն է, որովհետեւ, թեեւ «Ոչ»-ը պարտվել է, բայց առջեւում Ընտրական օրենսգրքի համար մղվող պայքարն է, էլ չենք խոսում ԱԺ ընտրությունների մասին:
Շարունակությունը` այստեղ

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ