Հեշտացվում են «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների ընդգրկման և վերջիններիս մատչելի հիփոթեքային վարկերի տրամադրման նպատակով կառավարությունը մարտի 17-ի նիստին փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, բարձրացել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը՝ ամուսինների գումարային տարիքը ներկայիս 60 տարեկանից առաջարկվում է դարձել 65 տարեկան, ինչը «հնարավորություն կտա ծրագրում ընդգրկել ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների, որոնք ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք»:
Ավելացվել է ծրագրի շրջանակում ձեռք բերվելիք բնակարանների առավելագույն արժեքը, մասնավորապես, ներկայիս 16 մլն դրամն առաջարկվում է դարձնել 25 մլն դրամ, ինչը «հնարավորություն կընձեռի ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն»: Կառավարությունում նշում են, որ ներկայում իրականացվող տարբեր սոցիալական բնակարանային ֆինանասավորման ծրագրերում (պետական ծառայողներ, երիտասարդ մասնագետներ և այլն) ձեռք բերվող բնակարանների առավելագույն արժեքի սահմանափակումներ չկան:
Երևան քաղաքում ևս տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը նվազեցվել է և նախատեսվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով, եթե վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող՝ ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք: «Նշված հնարավորությունը գործող ծրագրով առկա էր միայն ՀՀ մարզերում ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի համար տրամադրվող հիփոթեքային վարկերի գծով»,- նշում են կառավարությունում:
Ավելացվել է ծրագրի շրջանակում ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը, մասնավորապես, ներկայիս 11,2 մլն դրամն առաջարկվում է դարձնել 17,5 մլն դրամ (ձեռք բերվող բնակարանի արժեքի 70 տոկոսը), ինչը «հնարավորություն կընձեռի ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն»:
«Այսպիսով՝ էապես կընդլայնվեն ծրագրում ընդգրկվող բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների շրջանակը և վերջիններիս մատչելի պայմաններով տրամադրվող հիփոթեքային վարկերի ծավալները, ինչն իր հերթին կնպաստի ժողովրդագրական խնդիրների լուծմանը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ծրագիրը և նշել, որ կառավարությունը պատրաստ է այդ նպատակով լրացուցիչ ֆինանսական բեռ վերցնել իր վրա:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ