Կոտ-դ’Իվուարից Անկարա. մանրամասներ ահասարսուռ ահաբեկչություններից

Արդեն մի քանի ժամ անց Կոտ դ Իվուարի եւ Անկարայի ահասարսուռ ահաբեկչություններից, սկսեցին երեւան ելնել այդ հրեշավոր հանցագործությունների սարսափելի մանրամասները:
Թուրքական հատուկ ծառայությունները Անկարայի ահաբեկչության մեջ մեղադրեցին քրդական ընդհատակյա կառույցներին: Այս ահաբեկչությանը զոհ են գնացել առնվազն 34, վիրավորվել 125 հոգի: Վերջին շրջանում սա արդեն երկրորդ սարսափելի ահաբեկչությունն է թուրքական մայրաքաղաքում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ ահաբեկչությունն իրականացվել է Անկարայի այն հատվածում, որտեղ տեղավորված են կառավարական հիմնարկները եւ որը հանդիսանում է Էրդողանի կառավարման խորհրդանիշը: Դեռեւս որեւէ կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի հանդեպ: Ենթադրաբար կազմակերպիչները Քրդական աշխատավորական կուսակցության ընդհատակյա որեւէ խմբավորման անդամներն են: Ինքը` նախագահ Էրդողանը, երկրի ներքին գործոց նախարարի հետ հանդիպման ժամանակ հանձնարարել է գտնել եւ խստորեն պատժել մեղավորներին եւ իր իսկ խոսքերով ասած` “ծնկի բերել ահաբեկչությունը” երկրում: Մինչդեռ, իրականում, չնայած Էրդողանի այս խրոխտ հայտարարություններին, Թուրքիայի իշխանությունները փաստացի ընդունեցին այն իրողությունը, որ իրենց չի հաջողվելու 100%-ով կանխարգելելու նմանատիպ գործողությունները, ինչն իր հերթին արդեն խուճապային տրամադրություններ է առաջացնում երկրում: Խուճապային տրամադրությունները ավելի են խտացրել թուրքական դատարանի կողմից Facebook, Twitter եւ այլ սոցցանցերի գործունեության ժամանակավորապես արգելափակման մասին որոշումը, որով փորձ է արվում ահաբեկչության սարսափելի նկարների` երկրի ծայրամասեր թափանցումը կանխել:
Կոտ դ Իվուարում զբոսաշրջային գյուղակում կատարված ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է “Ալ Քաիդա”-ի աֆրիկյան կառույցը: Նշենք, որ այս ահաբեկչության զոհերի թիվը16 է: Ականատեսները նշում են, որ փաստացի տեղի է ունեցել խաղաղ բնակչության գազանաբարո գնդակահարություն` առանց սեռային կամ տարիքային սահմանափակման:
ԱՄՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ, որ այս հանցագործության թիրախում են եղել ԱՄՆ Առեւվտրի նախարարի գլխավորած պատվիրակությունը, որը այս օրերին գտնվում է Աֆրիկյան տուրնեի մեջ:

mignews.com, Իսրայել

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ