Մեսսի. Հաղթանակները գերադասում եմ ռեկորդներից


Ստորև ներկայացնում ենք կատալոնական Բարսելոնայի և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար, աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, Ոսկե գնդակի հնգակի դափնեկիր Լիոնել Մեսսիի ծավալուն հարցազրույցը Բարսելոնայի պաշտոնական կայքին:


Ո՜չ 38 հանդիպում շարունակ անպարտելի մնալը, և ո՜չ էլ 9-րդ մրցաշրջանում անընդմեջ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալը չեն կարող պատճառ հանդիսանալ, որպեսզի Բարսելոնան իրեն հանգիստ զգա: Այս մասին խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսսին՝ Բարսելոնայում կայացած հովանավորչական հանդիպման ընթացքում:
"Մենք չենք մտածում անպարտելիության շղթայի մասին, և ոչ էլ խոսում ենք դրա մասին: Միակ բանը, որը մենք ցանկանում ենք, դա գավաթներն են: Ահա թե ինչ նպատակով է խաղադաշտ դուրս գալիս մեր թիմը: Իհարկե, հիանալի է, եթե մենք կարողանում ենք մեր նպատակին հասնելու ճանապարհին գերազանցել գործող ռեկորդները և սահմանել նորերը, սակայն երբեք ու երբեք Բարսելոնան խաղադաշտ դուրս չի եկել ռեկորդ թարմացնելու նպատակով: Ռեկորդները ոչինչ չեն նշանակի Բարսայի համար, եթե թիմը զուրկ մնա գավաթներից":
"Ես ցանկանում եմ վայելել ֆուտբոլը, շարունակել կատարելագործվել, չբավարարվել եղածով, շարժվել առաջ ..."

Լիոնել Մեսսին խոսել է նաև Բարսելոնայի առաջատար եռյակի մասին՝ կարևորելով թիմում տիրող ջերմ, ընկերական մթնոլորտը. "Ոչ միայն հարձակվողները, այլ նաև ողջ թիմն է համերաշխ: Թիմային հաղթանակների հասնելը հնարավոր չի լինի, եթե ակումբի ներսում լինեն խնդիրներ: Բարսելոնայում տիրում է ջերմ, ընկերական մթնոլորտ, ինչն ամենակարևորն է ֆուտբոլում: Մեզանից որոշները ֆուտբոլում հասել են հնարավոր ամեն ինչի, նվաճել են ամեն ինչ, սակայն շարունակում են նվիրվել թիմին և խաղադաշտում ներդնում են իրենց ողջ ուժերը: Հենց սա է մեր թիմի հաջողությունների գրավականը":
"Բարսելոնայում խաղում են բարձրակարգ ֆուտբոլիստներ, և ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ Բարսելոնային հաղթանակներ ապահովում է միայն թիմի հարձակումը: Մենք ունենք հիանալի պաշտպանություն և կիսապաշտպանություն: Հաղթանակներն ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքի արդյունքն են":
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է զգում իրեն Մեսսին, երբ մարդիկ իրեն համարում են ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստ, արգենտինացին ասել է. "Միշտ հաճելի է նման խոսքերի արժանանալը, սակայն ես ցանկանում եմ վայելել ֆուտբոլը, շարունակել կատարելագործվել, չբավարարվել եղածով, շարժվել առաջ":
Կոպա Ամերիկա

Խոսելով առաջիկա ամռանը ԱՄՆ-ում կայանալիք Կոպա Ամերիկայի հերթական խաղարկության մասին` Մեսսին ասել է. "Սա հերթական հնարավորությունը կլինի Արգենտինայի ազգային հավաքականի համար Աշխարհի առաջնության և Կոպա Ամերիկայի եզրափակիչներում պարտվելուց հետո թիմային հաղթանակ տոնել":
"Եզրափակիչներում պարտություն կրելը միշտ էլ ցավալի է լինում, մանավանդ այն դեպքում, երբ դու շատ մոտ ես լինում հաղթանակին: Մենք անպայման պետք է օգտագործենք այս հնարավորությունը, պետք է ամեն ինչ անենք այս գավաթին տիրանալու համար: Ողջ հավաքականն է երազում դրա մասին":
Սոց. ցանցերում երկրպագուների հետ շփման մասին

Ոսկե գնդակի հնգակի դափնեկիրը միլիոնավոր հետևողներ ունի տարբեր սոց. ցանցերում: Այս մասին խոսելով՝ Մեսսին կարևորել է երկրպագուների հետ շփումը:
"Ես փորձում եմ հնարավորինս մոտ լինել երկրպագուներին, շփվել նրանց հետ, պատասխանել նրանց մեկնաբանություններին...":

barca.am 

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ