Թուրքիայում հայկական եկեղեցին պետականացվել է՝ պահպանության նպատակով. թուրք պաշտոնյա

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման որոշումը Թուրքիայի հիմնադրամների ընդհանուր տնօրեն Ադնան Էրթեմը բացատրել է «պատմությունը պահպանելու» նպատակով, հաղորդում է «Ակօս»-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել Դիարբեքիրի Սուր շրջանի բազմաթիվ վայրեր՝ այդ թվում եկեղեցիները պետականացնելու մասին։

«Պետականացման այդ որոշումը պատմական կառույցների ու քաղաքացիական ճարտարապետության նմուշների դեմ չէ։ Հակառակը, պատմական կառույցների տեսքը մեջտեղ հանելու, դրանց շրջակայքի անհարմար շինությունները վերացնելու համար է ընդունվել։ 1980 թվականից հետո Սուրում ապօրինի շինությունների թիվն աճել է։ Պատմական շենքերի մոտակայքից դրանք վերացվելու են։ Այդ լիազորությունը միայն պատմական կառույցները պաշտպանելու նպատակով է օգտագործվելու՝ լինի մզկիթ, թե եկեղեցի։ Որոշումը դրանք պահպանելու նպատակով է կայացվել»,-ասել է նա՝ նշելով, որ պատմական այդ կառույցների պետականացումն իրավական տեսանկյունից բարդ որոշում է։

Նույն որոշմամբ պետականացվել են նաև ասորական և բողոքական եկեղեցիները։

Երկար տարիներ լքված հայկական եկեղեցին տարիների պայքարից հետո վերակառուցվել ու վերաբացվել էր։

Սուր շրջանում «շտապ պետականացվող» վայրերի թվում ներառվել է 6.300 վայր։

tert.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ