Մամեդյարով. Պետությունները զենք են վաճառում նրանց, ում հարկ են համարում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ»պարբերականին, որում անդրադարձել է Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող զենքի հարցին, մեկնաբանել Բաքվի՝ Մոսկվային հղած բողոքի նոտան, խոսել ԼՂ հակամարտության և շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծման գաղափարի մասին: Հարցազրույցը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:
— Վերջերս Դմիտրի Ռոգոզինի [ՌԴ փոխվարչապետ - ՍիվիլՆեթ]՝ Բաքու կատարած այցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանին ռուսական սպառազինությունների մատակարարման հարցը: Հաջողվե՞լ է արդյոք համաձայնեցնել ժամանակացույցն ու լուծել ըստ պայմանագրերի վճարում կատարելու հարցը:

—  Վճարումների հետ կապված ոչ մի խնդիր չկա. տեղեկատվությունը, թե Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև այդ առթիվ ինչ-որ չլուծված ֆինանսական հարցեր կան, ճիշտ չէ: Մենք վճարում ենք ամեն ինչի դիմաց՝ ըստ համաձայնագրերի: Կան համաձայնագրերը կատարելու հետ կապված խնդիրներ՝ այն առումով, որ Ադրբեջան առաքվող սպառազինոթյունները պետք է համապատասխանեն տեխնիկական չափորոշիչներին, որոնք ֆիքսված են համաձայնագրերում: Դմիտրի Ռոգոզինը Բաքու այցելեց՝ հասկանալու, թե ինչով է պայմանավորված խնդիրը, ստացավ սպառիչ պարզաբանումներ, և հարցեր չմնացին:
— Այսինքն՝ վճարումների հարցն ընդհանրապես չի՞ քննարկվել:
— Կրկնում եմ՝ սպառազինությունների վերաբերյալ համաձայնագրերի ֆինանսական ապահովման խնդիրներ չունենք: Կարևոր է, որ ապրանքը համապատասխանի համաձայնագրերում ամրագրված չափորոշիչներին: Գործարքի իրագործման ժամկետների մասով ամեն ինչ ընթանում է ըստ ժամանակացույցի: Ընդհանուր առմամբ, ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հաջող զարգանում են՝ փոխշահավետ համագործակցության հիման վրա և առևտրային սկզբունքներին համապատասխան:
— Ո”րն էր բողոքի նոտայի էությունը, որը Բաքուն հղել է Մոսկվային՝ կապված Հայաստանին զենք մատակարարելու հետ:
— Դա այդ տեսակ առաջին նոտան չէր: Մի կողմից, Ռուսաստանը հանդես է գալիս որպես Մինսկի խմբի համանախագահ: Մյուս կողմից մենք ընդունում ենք, որ ցանկացած պետություն իրավունք ունի զենք մատակարարել այն երկրին, որին հարկ կհամարի: Նոտայի բովանդակությունը հանգում էր այն խնդրանքին, որ Ռուսաստանը, որը զենք է մատակարարում Հայաստանին, հաշվի առնի, որ այդ սպառազինությունները չպետք է հայտնվեն ադրբեջանական բռնագրավված տարածքներում: Նման մատակարարումներում գոյություն ունի վերջնական սպառողի կանոնը: Եթե վերջնական սպառողը Հայաստանը լիներ, ապա հարցը չէր դուրս գա Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերությունների շրջանակից, սակայն երբ զենքը հայտնվում է Ադրբեջանի բռնագրավված տարածքներում, դա միանգամայն այլ բան է:
— Ամեն դեպքում, այդ զենքը կհայտնվի Լեռնային Ղարաբաղի տարածքում:
— Հենց դրանում էր նոտայի էությունը: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը  ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, բռնագրավված տարածքներում ռուսական զենքի առկայությունը զուրկ է տրամաբանությունից: ՌԴ ԱԳՆ-ն, ինչպես հետևել է Մոսկվայի հետագահայտարարություններից, ճիշտ է ընկալել մեր փաստաթղթի տոնը:
— Անկարայում օրերս անցկացվել են Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների բանակցությունները: Ռուս-թուրքական հակամարտությունը ինչ-որ կերպ անդրադառնո՞ւմ է Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների վրա:
— Չեմ կարծում: Ադրբեջանը, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի հետ, ամենաշատն է շահագրգռված նրանում, որ ռուս-թուրքական հարաբերությունները ամենակարճ ժամկետներում կարգավորվեն:
— Բաքուն իրեն դիտարկո՞ւմ է միջնորդի դերում:
— Միջնորդությունը շատ բարձր է ասված: Ամեն դեպքում, ես այդ հարցը քննարկում եմ ինչպես թուրք, այնպես էլ ռուսաստանցի գործընկերների հետ: Թուրքիայի կողմից ռուսական օդանավի խոցման տհաճ միջադեպից հետո մենք բազմիցս անդրադարձել ենք այդ հարցին Սերգեյ Լավրովի հետ: Որքան արագ հասունանա գիտակցումը, որ պետք է հաղթահարել տեղի ունեցածն ու առաջ գնալ, այնքան ավելի լավ կլինի բոլորի համար:
— Ի՞նչ այլ հարցեր են ներառվելու ռուսաստանցի Ձեր պաշտոնակցի հետ հաջորդ հանդիպման օրակարգում:
— Մենք քննարկելու ենք երկկողմ համագործակցության զարգացումը, մասնավորապես, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը:
Ընդ որում, մտադիր ենք կենտրոնանալ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հեռանկարների՝ Հյուսիսային Եվրոպայի երկրների, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և ապա` Պակիստանի ու Հնդկաստանի երկաթուղիների միացման գաղափարի վրա: Վերջերս վերադարձանք Իրանից. Թեհրանը մեծապես շահագրգռված է այդ նախագծի իրագործմամբ:
— Դրանից դուրս է մնում Հայաստանը:
— Երևանը ինքը պետք է որոշի՝ ինչ ձևաչափով կարող է մասնակցել դրան: Սակայն եթե համեմատենք Ադրբեջանի և Հայաստանի երկաթուղային և տրանսպորտային ենթակառուցվածքները, մակարդակներով դրանք անհամադրելի են:
— Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի մասին: Ինչո՞ւ ադրբեջանական և հայկական զինված ուժերի շփման գծում օբյեկտիվ վերահսկողության մեխանիզմ չի ստեղծվել:
— Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհերի մեծ մասը Ադրբեջանի քաղաքացիական բնակչությունն է: Հակառակ կողմից այն ընդհանրապես բացակայում է. բռնի կերպով արտաքսվել է իր բազմադարյա բնակության վայրերից միայն ադրբեջանական ծագում ունենալու պատճառով: Նման մեխանիզմ գործարկելու անհրաժեշտությունը միտումնավոր կերպով օրակարգ է բերում Երևանը: Դա տեխնիկական հարց է, որը պետք է Հայաստանին՝ հակամարտության քաղաքական-իրավական բազմակողմ լուծումից ուշադրությունը շեղելու, ստատուս-քվոն պահպանելու և ադրբեջանական հողերի բռնագրավումը շարունակելու համար: Մենք նախկինում նույնպես ասել ենք, որ միջադեպերի հետաքննման մեխանիզմ կարելի է գործարկել այնտեղից հայկական զորքերի դուրս բերման ընթացքում: Հենց նրանք հեռանան Ադրբեջանի տարածքներից, միջադեպերն ընդհանրապես կսպառվեն. հետաքննելու բան չի լինի:
— Ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ կարգավորմանը նաև բանակցային ձևաչափեր ավելացնելու անհրաժեշտություն կա՞:
— Պետք չէ հեծանիվ հայտնագործել: Հակամարտության իրավական հիմքը վաղուց սահմանվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով, որոնք պահանջում են հայկական զորքերի լիարժեք և անվերապահ հեռացում Ադրբեջանի տարածքներից: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց մանդատին համապատասխան պետք է գործուն քայլեր ձեռնարկեն և պահանջեն հայկական կողմից կատարել ստանձնած պարտավորությունները, սակայն Երևանը ամեն կերպ խոչընդոտում է այդ գործընթացը, և համանախագահները քաջատեղյակ են այդ մասին:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ