Ռուս-չեչենական նոր գործարքը /հետազոտություն/

Այսօրվա Չեչնիան ոչնչով չի հիշեցնում 1990-2000-ականների արյունոտ ապստամբությունների կաթսայում եփվող Չեչնիան: Երկրի վերականգնումը հնարավոր եղավ միայն մի չբարձրաձայնված համաձայնագրի կամ գործարքի շնորհից, որը կնքվել է դեռեւս 2000 թ. դաշնային կենտրոնի եւ մասնավորապես անձամբ Վլադիմիր Պուտինի եւ իր կողմից Չեչենական Հանրապետության ղեկավար նշանակված Ահմադ Քադիրովի միջեւ: Այդ պայմանավորվածությունը կամ անձնական դաշինքը  դարձավ հիմք ոչ միայն Կրեմլի եւ Գրոզնիի հետագա հարաբերությունների համար եւ այսօր էլ Չեչնիայի զարգացման մոդելի լիսեռն է հանդիսանում:
Գործնականում ստեղծվեց ֆեոդալա-գաղութատիրական հարաբերություններ, որի շրջանակում չեչենական մի կլանը գաղութատեր երկրի կողմից ստացավ ընդարձակ օժանդակություն եւ բացառիկ արտոնություններ, իսկ փոխարենը այդ կլանը ապահովել սկսեց ընդհանուր լոյալությունն ու իրականացնել սկսեց որոշակի պայմաններ, որոնք առաջադրվեցին գերիշխող երկրի կողմից:
Այս պայմանավորվածությունը, կամ գործարքը կամ համաձայնագիրը, ինչպես կուզեք այն անվանեք, գործում է արդեն մեկուկես տասնամյակ: Այն ապրեց Ահմադ Քադիրովի սպանությունից հետո, որը տեղի ունեցավ 2004-ին, անցավ նաեւ այն ընդմիջարկության միջով, որը նախորդեց վերջինիս որդու` Ռամզան Քադիրովի իշխանության գալու ձեւական արարողությանը:
Այս տարիների ընթացքում, սակայն այս գործարքը բավական լուրջ հակասություններ է ծնել, այնպես որ այն խնդիրները, որոնք վերջին ժամանակներս ծառացած են Ռամզան Քադիրովի առաջ, մի ժամում չէ, որ առաջ են եկել: Բանն այն է, որ, ինչպես կարելի է ենթադրել, Մոսկվան այլեւս իրեն պարտավորված չի զգում Չեչնիայի հետ հարաբերություններ պահպանել ըստ Գրոզնիի առաջադրած պայմանների եւ հետեւաբար արդեն ժամանակն է, որպեսզի այդ գործարքը վերանայվի եւ ապագայի հարաբերությունները սկսեն կառուցվել արդեն Մոսկվայի թելադրած պայմանների համեմատ: Ռամզան Քադիրովը ակամա ստիպված է համաձայնել այն իրողության հետ, որ Չեչնիան կորցնում է էքս-ահաբեկչական երկրի իր կարգավիճակը, իսկ իր անձնական բացառիկ իրավունքներն էլ սկսել են սահմանափակվել: Սակայն, չնայած այս ամենին, պետք է նաեւ արձանագրել այն, որ երկու կողմերն էլ շահագրգռված են, որպեսզի պահպանվեն երկուստեք դրական հարաբերությունները եւ նոր կնքվելիք գործարքը կամ համաձայնագիրը լինի հնարավորինս երկարատեւ: Քադիրովը հասկանում է, որ շատ բան կարող է փոխվել եւ պատրաստ է շատ զոհողությունների, որպեսզի այդ նոր պայմանավորվածության համահեղինակներից մեկը հանդիսանա:

Երկրորդ չեչենական ռազմական արշավանքի ամենաթեժ պահին, երբ Չեչենական հանրապետության սահմաններից դուրս քչերն էին, որ ճանաչում էին Ռամզան Քադիրովի հորը` Ահմադ Քադիրովին, ով Կրեմլի կողմից նշանակվել էր ինքնավար հանրապետության վարչակազմի ղեկավար եւ գտնվում էր Գուդերմեսում, եւ առաջարկում էր հենց այն դարձնել մայրաքաղաք Գրոզնիի փոխարեն, իր հարցազրույցներից մեկի ընթացքում հեռախոսազանգ է ստանում: Ու չնայած որ մինչ այդ կարգադրել էր ոչ մեկի հետ չիմացնել իրեն հեռախոսով, սակայն ստիպված է լինում պատասխանել զանգին եւ մի քանի անգամ կտրուկ մերժում հնչեցնել եւվերջում եզրափակել ինչ որ Սուրկովի հետ իր զրույցը. “Փոխանցեք, որ ես կհանդիպեմ միայն նախագահ Պուտինի հետ”, իսկ արդեն կախելով լսափողը լրագրողի վրա ամենայն հավանականությամբ տպավորություն գործելու համար, ասում է. “Այ այսպես ավելի լավ է, երեւի …”: Այն ժամանակ Կրեմլի նախաձեռնած “Քադիրովի նախագծի” հաջողությանը քչերն էին հավատում: Սակայն անցնող մեկ եւ կես տասնամյակը եկան ապացուցելու, որ պատերազմն ավարտվեց, Գրոզնին վերականգնվեց, իսկ գործարքն էլ շարունակում է հաջողությամբ կենսագործել, թեեւ շարունակականության հարցում,  արդեն իսկ պարզ է, որ կարիք կա պայմանների հստակեցման կամ նույնիսկ`վերանայման:
/շարունակելի/

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ