Չնայած Սիրիայում կայունացման հույսերին` սիրիահայ համայնքը չի շտապում վերադառնալ

Երևանում բնակվող գործարար Հրաչ Պալմանուկյանը  Tert.am-ի հետ զրույցում ցավով ասաց, որ Հայաստանում բնակվող սիրիահայերը շարունակում են  Հայաստանից արտագաղթել Կանադա, չնայած Սիրիայում Ասադի կառավարական զորքերի հաջողություններին ու նշմարվող այն հույսին, թե Սիրիայում հնարավոր է առաջիկայում կայունություն հաստատվի:

«Այդ գաղթը կա ու կա, շաբաթ չկա, որ 6-7 ընտանիք այստեղից  չմեկնի: Մենք հետախուզություններ անում ենք, 5-6 ընտանիք գնում են Լիբանան, որ այնտեղից գնան Կանադա»,- ասաց սիրիահայը, ով նույնպես պատրաստվում է մեկնել Կանադա:

«Իմ  դժբախտությունն այն է, որ 2 փոքր բալիկ ունեմ և մտածում ենք գնալ Հայաստանից դեպի Կանադա: Ամբողջ ջանքս այն է, որ չգնանք, բայց մի կողմից էլ  այստեղ գործի դժվարություն ունենք, ամեն ինչի դժվարություն ունենք: Երկիրը շատ լավ երկիր է, պետությունը նույնպես, կառավարությանն էլ , ժողովուրդն էլ լավ ընդունել է, բայց ինչ անենք, որ տնտեսական պայմաններն այս են»,- ներկայացրեց նա։

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական զորքերը օրերս  Պալմիրան հետ վերցրին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից, ինչը ոչ միայն շատ խորհրդանշական է, այլև կառավարական զորքերի նոր հաղթանակների հիմք է դիտվում:

«Մինչև Սուրիո հարցերը կկարգավորվեն, շարունակում են մեկնել Կանադա, որովհետև Սիրիայի հարցը այսօրվա, վաղվա հարց չէ, որ Սուրիան նախկին վիճակին կարենա հասնել: Տարիներ են պետք և մարդիկ, որ արդեն 4-5 տարի` իրենց տներից դուրս են  ցանկանում են ավելի լավ կյանք ունենալ»,- ասաց Հրաչը:

Սիրիահայն  այն կարծիքին է, որ երբեմնի սիրիահայ ամենամեծ համայնքը երբեք չի վերականգնվի, գոնե այն տեսքով, որ կար մինչև պատերազմը:

Ըստ սիրիահայ գործարարի` պատերազմի ամենաթեժ շրջանում Հայաստան են  գաղթել   13-14 հազար սիրիահայեր, մոտավորապես նույնքան գնացել են Կանադա: Իսկ Հալեպում, ըստ նրա, հազիվ 6-7 հազար հայ մնացած լինի:


«Որովհետև դպրոցներում Լազար Նաջարյան կենտրոնական վարժարանը 1750 աշակերտ ուներ, այսօրվա դրությամբ` 350 աշակերտ ունի: Այսինքն` մի 1300 աշակերտ կամ 500 ընտանիք այնտեղ չեն ապրում: Ըստ որում` մենք մի դպրոցի մասին ենք խոսում»,- ասաց Հրաչ Պալմանուկյանը:

Երևանում տաքսու վարորդ աշխատող սիրիահայ Հակոբն էլ  Tert.am-ի հետ զրույցում  ասաց, որ անպայման մի օր կվերադառնա Սիրիա, որտեղ հողեր ու բիզնես է թողել, բայց կրկին խոսքը հեռավոր ապագայի մասին է։

Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը, Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Հանգրվանային է ամեն ինչ, որովհետև բնական է, որ Պալմիրայի ազատագրումը բոլորի համար ուրախություն է, հատկապես՝ մշակույթի աշխարհի, բայց անմիջականորեն Հալեպի կյանքի վրա իր ազդեցությունը տակավին չունի։ Հուսադրող է, որ ամեն ինչ դեպի  լավը կըրնա ընթանալ»:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Սիրիայում  կայունության հաստատման, ենթակառուցվածքների վերականգնման մասին դեռ շատ վաղ է խոսել` հաշվի առնելով, որ հրադադարի պահպանումը, տարբեր գնահատականներով,  երկրում կազմում է մոտ   70-80 տոկոս:

«Ես նաև մեջբերում եմ ԱՄՆ պետդեպին և անձամբ պետքարտուղարին, որ Սիրիայում հրադադարի ռեժիմը պահպանվումէ  70-80 տոկոսով, բայց մի  բան էլ կա, որ հրադադարի ռեժիմին միացած խմբավորումների խմբաքանակն է խիստ սահմանափակ և նաև այն բնակավայրերի, որոնք ընդունել են կրակի դադարեցման ռեժիմը: Մոտ 45 խմբավորում և մոտավորապես 50 բնակավայր: Եվ Պալմիրայի ազատագրումը  կարելի  դիտել ավելի շատ սիմվոլիկ նշանակություն ունեցող ռազմական գործողություն և լուրջ առաջխաղացում տարածքների ազատագրման, ռազմավարական դիրքերի փոփոխության  առումով չկա»,- նկատեց նա։

Ըստ արաբագետի`նման առաջխաղացման  մասին կարելի է խոսել  Իրաքի հետ սահման տեղափոխվելու ու Դեյր Զորը գրավելուց հետո միայն:

tert.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ