Քանի դեռ ուշ չէ, պետք է դուրս գալ լռության դաշտից

Հսկայական աշխատանք է կատարվել հայոց գենոցիդի կայացած փաստը հասկանալի և ընդունելի ձևով աշխարհին ներկայացնելու համար: Արգասիքը ներկայացվել է ականատեսների պատմածները բովանդակող հրատարակություներում, պատմաբանների աշխատություններում, փաստագրական և գեղարվեստական կինոնկարներում, որոնց շնորհիվ շատ երկրների կառավարությունները ճանաչել են հայոց գենոցիդը, և ավելանում է այդպիսիների թիվը: Անգամ թուրքիայում է նկատվում զգալի դրական տեղաշարժ: Սակայն ոչ պակաս կարևոր է Արցախը Ադրբեջանի կազմում երբեք ու երբեք չլինելու իրողությունը դարձյալ հասկանալի և ընդունելի ձևով աշխարհին ներկայացնելու խնդրի լուծումը: Չէ՞ որ աշխարհը ոչ միայն անծանոթ է այդ իրականությանը, այլև Ադրբեջանից շարունակաբար ստացվող պաշտոնական տեղեկությունների պատճառով համոզված է, որ դա Ադրբեջանի տարածքն է: Այդ համոզմունքը պայթեցնելու ական կարող է լինել պատմական իրողությունը դարձյալ հասկանալի և ընդունելի ձևով աշխարհին ներկայացնելը: Սակայն այդ գերհզոր ականը, չգիտես ինչու, առ այսօր մերոնք մի կողմ են դրել և չեն օգտագործում:  Ալիևը հաճախ է հայտարարում, որ ոչ միայն Ղարաբաղը, այլ Երևան կոչվածը ևս ադրբեջանական տարածք է և պետք է վերադարձնել տիրոջը: Իսկ Հայաստանը լսում է և լռում: Աշխարհն էլ Հայաստանի այդ լռությունը համարում է համաձայնության նշան: Այդ վտանգավոր լռությունը դրսևորվեց նաև 2008թ. հունիսի 26-ին: Այդ օրը մանկավարժականի մասնագիտական խորհրդի նիստում Էդուարդ Շարմազանովը պաշտպանության ներկայացրեց «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները» վերնագրով իր թեկնածուական ատենախոսությունը: Օգտագործված գրականության ցանկում ներկայացված է նաև 2001 Մոսկվայում լույս տեսած «Педагогика народов мира» վերնագրով հոդվածների ժողովածուն: Դրանում կա ադրբեջանացի հեղինակի հոդվածը, որի հենց սկզբում գրված է. «Ադրբեջանական պետությունը մեր թվարկությունից առաջ, հինգերորդ դարում, ընկավ Սասանյանների լծի տակ»: Հետո գրված է, որ հինգերորդ դարում զարգացած քաղաքներից է նաև Գյանջան, և որ այդ ժամանակ դպրոցներում ուսուցումն իրականացվում էր մայրենի լեզվով՝ ադրբեջաներենով: Հայցորդ Է.Շարմազանովը ատենախոսության մեջ որևէ ձևով չի անդրադարձել այդ հոդվածին, բայց որ ատենախոսությունը գրելիս օգտվել է նաև «Педагогика народов мира» վերնագրով հոդվածների այդ ժողովածվից, վկայում է օգտագործված գրականության ցանկում տեղ գտած այդ ժողովածուն: Ուրեմն՝ նա ինչ-որ նպատակով ծանոթացել է այդ ժողովածուի բովանդակությանը, բայց լռության է մատնել գրված անհեթեթություններն այն մասին, թե, իբր, ադրբեջանական պետությունը շատ հին պատմություն ունի և կար նախքան մեր թվարկությունը, թե, իբր, հինգերորդ դարի նրա քաղաքներից է Գյանջան, թե, իբր, այդ ժամանակ դպրոցներում դասավանդել են ադրբեջաներեն լեզվով: Յուրաքանչյուր հայ գիտե, որ գրվածը կեղտոտ քարոզարշավ է: Սակայն որոշ երկրների, այդ թվում և Բելոռուսիայի ու Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնյանները, պատմաբանները, քաղաքական գործիչներն ու մանկավարժագետները, կարդալով իրենց ժողովրդի՝ մանկավարժության մասին գրված հոդվածները, կթերթեն նաև այս հոդվածը ու դրանում ներկայացվածի հիման վրա Ադրբեջանը կդիտարկեն որպես հնագույն պետություն: Չէ՞ որ կարդալով այդ հոդվածը՝ էդուարդ Շարմազանովը պետք է անհանգստանար և տեղեկացներ մասնագետներին՝ առաջարկելով կատարել պատասխան քայլեր: Բայց դա չարվեց: Ժամանակն է, որ հայ պատմագետները և քաղաքական ու հասարակական գործիչները դուրս գան ընդհանուր լռության վտանգավոր դաշտից ու լծվեն այդ գերկարևոր հիմնախնդրի լուծման գործին:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ