Մեդվեդևը Երևան է բերում Ռուսաստանի հերթական անարգանքը

Այսօր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանելու է Երևան: Որպեսզի Երևանից մեկնի Բաքու: Որպեսզի Բաքվում հանկարծ չնեղանան, որ ԵՏՄ հիմնադիր անդամ Ռուսաստանի վարչապետը ժամանում է ԵՏՄ հիմնադիր անդամ Հայաստանի մայրաքաղաք: Որպեսզի հայտարարի, որ Երևանում ապրիլի 8-ին նախատեսված ԵՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպումը չի կայանալու, այլ կայանալու է Մոսկվայում` ապրիլի 12-ին: Որպեսզի մինչ այդ նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Շոյգուից ու Անվտանգության քարտուղար Նարիշկինի այցից հետո հասցրած լինի այցելել Բաքու, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ հասցրած լինի ապրիլի 8-ին այցելել Մոսկվա: Որպեսզի ԵՏՄ մեկ այլ հիմնադիր անդամ՝ Ղազախստանը, կարողանա տակավին ԵՏՄ չանդամ Ադրբեջանին մխիթարել, որ իր նախաձեռնությամբ Երևանում նախատեսված ԵՏՄ վարչապետների հանդիպումը չի կայանալու: Որպեսզի նաև ԵՏՄ մեկ այլ հիմնադիր անդամ՝ Բելառուսն էլ, Ադրբեջանին փոխանցի, որ իրենք` ԵՏՄ անդամներով, համերաշխ են Ադրբեջանին սատարելու գործում: Որպեսզի ԵՏՄ ամենահիմնադիր անդամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լսի Շոյգուին ընդամենը մեկ շաբաթ առաջ տրված հանձնարարականի հաշվետվությունը, ճշտի՝ ինչո՞ւ պատշաճ կերպով չեն կատարվում Ադրբեջանին զենքի մատակարարումները, ո,ւ որպեսզի շարունակի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մտքերի ճշմարտացիության ապացուցումն առ այն, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում միայն բիզնես նպատակներով:
Որպեսզի, ի վերջո, Հայաստանում շարունակեն ըմբռնումով մոտենալ:
Ամիսներ շարունակ Հայաստանի իշխանությունը բոլոր խողովակներով տարածում էր, թե Մեդվեդևը Երևան է գալու՝ հայտարարելու, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազելու է: Ամենայն հավանականությամբ, այդպես էլ լինելու է: Ու գազի մի քանի կոպեկ էժանացման լուրից կուրացած Մեդվեդևին ոչ մեկը չի համարձակվելու հարցնել անցած չորս օրերին Ռուսաստանի «դաշնակցային պահվածքի» ու անցած չորս տարիներին Ադրբեջանին զենք վաճառելու ու էլի շատ այլ հարցերի մասին:
Ու չի հարցնելու նաև, թե ինչո՞ւ է Հայաստանի ռազմավարական երկրի մայրաքաղաքում հետաձգվում մի կազմակերպության միջոցառում, որին Հայաստանն անդամագրվում էր՝ հանուն անվտանգության բարձրացման: Ու չի հարցնելու նաև այն մասին, թե ինչու է Հայաստանի այդքան ռազմավարական դաշնակիցն այդքան ռազմավարական քնքշությամբ վերաբերվում ռազմավարական թշնամուն, որ անգամ Երևանում նիստ չանցկացնելով՝ չի ցանկանում նեղացնել Ադրբեջանին:
Իսկ Հայաստանում այդ հարցերը բարձրացնող ոչ միայն՝ իշխանություն, այլ նաև՝ ընդդիմություն չկա: Որովհետև, եթե լիներ, արդեն հայտարարած կլիներ, որ Մեդվեդևի այցին ընդառաջ՝ կազմակերպում է, ասենք, լուռ բողոքի ակցիա, որի մասնակիցներն իրենց պաստառներով ռազմավարական երկրի վարչապետին կտեղեկացնեին, որ մեզ էժան գազ պետք չէ, որ մենք գերադասում ենք վառել թանկ գազ, բայց ոչ ռազմավարական գործընկերության մասին էժանագին «յուղ»:
Բայց Մեդվեդևի առաջ այդ և մի քանի այլ կարևոր հարցեր բարձրացնողներ չեն լինելու:
Որովհետև այդ ու էլի շատ այլ կարևոր հարցեր չբարձրացնելու գինը լինելու է Հայաստանի քաղաքական դաշտում տեղ ունենալու կամ պահպանելու համար՝ ամենևին ո՛չ Մեդվեդևի կողմից տրվելիք «դաբրոների» կշռի բարձրացումը:
Մեդվեդևի համար Երևանը ոչ թե ռազմավարական երկրի մայրաքաղաք է, այլ տրանզիտ` Մոսկվա-Բաքու ճանապարհին:
Հ.Գ. Հետաքրքիր է` ԵՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ուղեկցելո՞ւ է Մեդվեդևին, թե՞ սպասելու է Մոսկվայում, որպեսզի դիմավորի նրան Բաքվից վերադառնալիս:
Աղբյուրը` 168.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ