ԱՄՆ օրենսդրությունն արդեն պատժամիջոցներ է նախատեսում Ադրբեջանի նկատմամբ. The Huffington Post

Ադրբեջանը ապրիլի 2-ին խախտել է 1994-ին ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը, իրավիճակը շարունակում է ծայրահեղ անկայուն մնալ` չնայած ժամանակավոր զինադադարին:
Այս մասին The Huffington Post-ում հրապարակված հոդվածում ընդգծում են Ամերիկայի հայկական ասամբլեայի համանախագահ Վան Գրիգորյանն ու Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Դևիդ Ֆիլիփսը:
Հոդվածի հեղինակները շեշտում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները պետք է մասնակցեն խաղաղ բանակցություններին, իսկ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է ակտիվացնեն իրենց միջնորդությունը:
«ԱՄՆ օրենսդրությունն արդեն պատժամիջոցներ է նախատեսում Ադրբեջանի նկատմամբ, եթե այն ագրեսիվ քայլերի դիմի: Օբամային վարչակազմը պետք է իրագործի «Ազատության աջակցման մասին» օրենքի 907-րդ հատվածը` տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1991-ին անցկացված հանրաքվեով անկախացել է Խորհրդային միությունից», – գրում են հոդվածագիրները` հիշեցնելով, որ 2008-ին սենատոր Բարաք Օբաման հավանության է արժանացրել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամուր և տևական կարգավորումը, որն ընդունելի է բոլոր կողմերի համար և հիմնավորված է Ամերիկայի` ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքներին հավատարիմ մնալով»:
«Ադրբեջանը միայնակ չի գործել։ Թուրքական զորքերը և սարքավորումները գործի են դրվել Իրանի հետ սահմանի մոտակայքում։ Ադրբեջանի հարձակումն անմիջապես ստացավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանությունն ու աջակցությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հենվում է նավթի վաճառքից ստացվող եկամուտների և «խավիարային դիվանագիտության» վրա։ Նավթի գնանկման ֆոնին Ադրբեջանի տնտեսությունը անկում է ապրում, իսկ ազգային արժույթը կտրուկ նվազել է։ Քաղաքացիական հասարակությունը շարունակում է դեմ արտահայտվել լրագրողների և իրավապաշտպանների ազատությունների ոտնահարմանը։ Հայաստանի հետ անգամ կարճատև պատերազմ սկսելը Ալիևի ռեժիմին հնարավորություն է տալիս շեղել ադրբեջանցիների ուշադրությունը տնտեսական անկայուն վիճակից:
ԱՄՆ-ը չպետք է աննկատ թողնի Ադրբեջանի ռազմական ագրեսիան, հատկապես   ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ», – եզրափակում են հոդվածագիրները:

Աղբյուր՝ hayeli.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ