«Մի մատ» երեխաների պատրաստած խաղալիքները, չրերը եւ դեղաբույսերը՝ ցուցահանդես-վաճառքում (ֆոտո)






Մոսկվա կինոթատրոնի հարեւանությամբ այսօր «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակում կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում էին հանրապետության ավելի քան 150 դպրոցների աշակերտներ։ Ծրագիրը ֆինանսավորվում է «JHM» բարեգործական հիմնադրամի և «HSBC» բանկի կողմից: Ուսումնական հաստատությունները ցուցահանդեսին ներկայացնում էին իրենց սաների ձեռքի աշխատանքները: «Մենք ձեզանից մեկն ենք». առաջին անգամ հենց այս կարգախոսով էին ցուցահանդես-վաճառքին մասնակցում  Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի սաները։ 13-14 տարեկան երեխաները ցուցահանդեսում ներկայացնում էին իրենց պատրաստած հելյունագործ խաղալիք- աքլորները։ Երբ մոտեցանք նրանց տաղավարին, փոքրիկ Հայկի տատիկն արդեն գնել էր վերջին՝ վեցերորդ աքլորը, որը թոռնիկը հավանաբար շատ էր հավանել, քանի որ երբ փորձեցինք նկարել, արագ թաքցրեց՝ վախենալով, որ կվերցնենք իրենից։ Միլենան, ում աչքերը ուրախության ու հպարտության զգացումից փայլում էին, եւ ում պատրաստած խաղալիքը առաջինն էր վաճառվել, պատմում է, որ իրենք այդ աքլորները պատրաստում են 4-5 ժամվա ընթացքում. «Մեր աշխատանքները մի քանի րոպեում վաճառվեցին»,-ասում է աղջիկը։ Երեխաների ուսուցչուհին՝ Ծովինարը, ով պակաս ոգեւորված չէր իրենց հաջողությամբ, վստահեցնում է, որ իրենց աշխատանքը չէր գնահատվի, եթե չարվեր սիրով եւ հետաքրքրությամբ։ «Այս տարի ներկայացրինք ընդամենը 6 խաղալիք, բայց հաջորդ տարիներին մենք կաշխատենք ավելի ինտենսիվ եւ կունենանք ավելի լավ արդյունք»։  Մասնակիցներից ոմանց համար այս ցուցահանդեսին ներկայանալը արդեն ավանդույթ է դարձել: Արարատի մարզի Եղեգնավան գյուղի միջնակարգ դպրոցի սաները ներկայացնում էին դեղաբույսեր, որոնք հավաքել եւ չորացրել էին իրենց ձեռքերով։ Երեխաները հպարտությամբ էին նշում, թե ինչպես են հավաքել, չորացրել եւ փաթեթավորել դեղաբույսերը։ «Ցանկացած դեղաբույսի հետ ներկայացնում ենք օգտակար հատկանիշներն ու հակացուցումները»։ Ագարակցի աշակերտներն էլ ներկայացնում էին իրենց ձեռքով պատրաստված չրերը։ Գնորդներից տիկին Աննան զարմացած էր, թե ինչպես են այդ «մի մատ» երեխաները պատրաստել այդքան համեղ չրեր։ Գնորդներից շատերը վստահեցնում էին, որ հատուկ նպատակով են եկել ցուցահանդեսին, այն է՝ աջակցել եւ քաջալերել հայ երեխաներին։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ