Կարեն Կարապետյանի եւ Գարեգին Բ-ի միջեւ «սեւ կատո՞ւ» է անցել

Երեկ օրվա լրահոսի բազմազանության մեջ անցավ-գնաց մի հաղորդագրություն, որն իրականում բավական ուշագրավ է ու բազմանշանակ եւ կարող է շատ բան ասել պետական վերնախավում տեղի ունեցող վերադասավորումների ու մտայնությունների փոփոխությունների մասին: Այսպես, փորձենք լրացնել այդ բացը:  ՀՀ կառավարության պաշտոնական կայքում կարդում ենք, որ ամսի 19-ին հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հյուրընկալել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: «Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար, եւ նշել, որ մեծապես կարեւորում է պետություն-եկեղեցի համագործակցությունը: Վեհափառը վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին մաղթել է հաջողություններ եւ արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարեկեցության, դժվարությունների հաղթահարման, ձեռքբերումների եւ հաջողությունների ամրագրման: Այնուհետեւ վարչապետ Կարապետյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են եկեղեցի-պետություն հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու այլ խնդիրների»,- ասված է կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Այժմ ուսումնասիրենք Մայր Աթոռի պաշտոնական կայքը: Առ 20.10.2016թ. 16:25-ի դրությամբ Ամենայն հայոց կաթողիկոսության պաշտոնական կայքում վերջին թարմացումն Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից երկու նորընծա վարդապետներին ընդունելու եւ օրհնելու մասին լուրն է: Այլ հաղորդագրություն չկա: Կարելի է ասել, որ Մայր Աթոռում կամ հարկ չեն համարել նշել Գարեգին Բ-Կարեն Կարապետյան հանդիպման մասին, կամ գործ ունենք կայքի պատասխանատուների փնթի աշխատանքի հետ: Կարեն Կարապետյանին նախորդած երկու վարչապետերը՝ եւ մեռելոցասեր Տիգրան Սարգսյանը, եւ նույնիսկ մեռելոցատյաց Հովիկ Աբրահամյանը, պաշտոնին անցնելուց հետո, չգրված ավանդույթի ուժով, այցելում էին Մայր Աթոռ՝ ստանալու Գարեգին Բ-ի օրհնությունը, հաճոյանալով եկեղեցասեր հանրապետության նախագահին նաեւ: Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման առաջին ամսվա ընթացքում զանց առավ այդ ավանդույթը եւ չգնաց Գարեգին Բ-ի օրհնությունն ստանալու: Եվ Տիգրան Սարգսյանի, եւ Հովիկ Աբրահամյանի կաբինետի նախարարներն այցելում էին՝ պարտաճանաչաբար Գարեգին Բ-ի օրհնությունն ստանալու (չասենք, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախարար նշանակվելու գործում դերակատարություն է ունեցել հենց Գարեգին Բ-ն, որին պատկանող «Իզմիրլյան» հիվանդանոցում էր նախկինում պաշտոնավարում Մուրադյանը): Կարեն Կարապետյանի կաբինետից, կարելի է ասել, նախարարների երեւի քսան տոկոսն էլ «չգնաց Գարեգին Բ-ի դուռը»: Սա, ինչ խոսք, չի կարող աննկատ մնալ: Չի կարող աննկատ մնալ նաեւ այն, որ ավելի քան մեկ ամսվա պաշտոնավարումից հետո «Գարեգին Բ-ն է գնում Կարեն Կարապետյանի դուռը»: Այս հարցն ունի շատ պարզ պատասխան: Կարեն Կարապետյանը, լինելով ռուսական միջավայրի մարդ եւ դաստիարակված լինելով այդ ավանդույթներով՝ որպես պետական գործիչ, առանձնապես չի կարեւորում ներկայիս իշխող համակարգում «Ամենայն հայոց կաթողիկոս» աշխատող անձնավորությանը, որին չափազանց լավ է ճանաչում: Էլ չասենք, որ Կարեն Կարապետյանը տեղյակ կլինի նաեւ ֆինանսական չարաշահումների մասին պատմություններից, որոնք շրջանառվում են Գարեգին Բ-ի եւ նրա եղբոր` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի անվան շուրջ: Մեր լավատեղյակ աղբյուրները Ռուսաստանից փոխանցում են, որ հենց այդ չարաշահումներն են եղել Գարեգին Բ-ի եւ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի գժտության պատճառը, որը հետագայում Գարեգին 2-րդի կողմից կարգալույծ հռչակվեց, եւ թեմը հանձնվեց կաթողիկոսի եղբորը` Եզրաս արքեպիսկոպոսին, որը մինչ այդ վարդապետ էր: Թերեւս Կարեն Կարապետյանը նաեւ լսած կլինի, թե ինչու ռուսահայ մեծահարուստներից մեկը կրկին այդ եկեղեցաշինական չարաշահումներից գլուխ հանելու համար տեղի մտավորականներից մեկին հետաքննություն-ֆիլմ է պատվիրել, որը պետք է ուրվագծեր Մոսկվայի այսօրվա մայր եկեղեցու կառուցման ընթացքը՝ կառուցման համար քարը Հայաստանի քարհանքից կտրելուց մինչեւ Մոսկվա հասցնելու ուղեգծով: Այնպես որ, Կարեն Կարապետյանի ողջամիտ զանցառությունը տիգրանսարգսյանական ավանդույթի հանդեպ խորը հիմքեր ունի: Բացի այս, քանի որ Կարեն Կարապետյանը հատկապես ուշադրության կենտրոնում պահեց ՊԵԿ-ը, եւ նույնիսկ հանրապետության նախագահը չկարողացավ «իր մարդուն» անցկացնել: Հենց ՊԵԿ-ը նաեւ Գարեգին Բ-ի համար է գայթակղության քար: Բանն այն է, որ, սկսած Իրանից եւ այլ երկրներից, եկեղեցական մոմի համար ներկրվող պարաֆինից մինչեւ Մայր Աթոռ նյութական-գույքային նվիրատվություններն ու ներկրումները մաքսազերծվում են, այսպես ասած, «ընդառաջումներով», ինչպես փոխանցում են գործին քաջատեղյակ մեր աղբյուրները: Այսինքն՝ Մայր Աթոռից գրություն էր գնում պատկան մարմնին, եւ այստեղ հատուկ ցածր մաքսատուրքեր էին սահմանվում կամ ընդհանրապես մաքսից ազատում էին եկեղեցու համար նախատեսված բեռները: Այս պատկերը գործող վարչապետի զարմանքը կարող էր հարուցել, մանավանդ որ նա քաջատեղյակ է, թե ինչպես է Ռուսաստանի թեմի առաջնորդը, ըստ շրջանառվող լուրերի, միլիոնների հասնող գներով իրացնում Վագանկովյան գերեզմանոցի տեղերը մեծահարուստների շրջանում։ Երեւի նեղսրտվածությունն էլ եղել է բուն պատճառը, որ կաթողիկոսության պաշտոնական կայքը չի լուսաբանել նրա այցը կառավարություն:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ