Բացառված չէ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դաշինք կազմի. Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ գալիք խորհրդարանական ընտրություններին իրենց կուսակցությունը կարող է դաշինքով հանդես գալ: Նշենք, որ այս պահին կառավարության նիստերի դահլիճումում ընթանում է «ՔՊ»-ի Վերահսկող հանձնաժողովի ընտրությունը: Խոսելով հնարավոր համագործակցությունների մասին այլ կուսակցությունների հետ՝ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք ունենք մեր պատկերացումները, դուք բոլորդ գիտեք, բայց մենք չենք ասում, որ այս պատկերացումները բացարձակ ճշմարտություն է, մյուսների պատկերացումները՝ բացարձակ ճշմարտություն չի: Սա քաղաքական պրոցես է, և մենք պատրաստ ենք մեր պատկերացումներով մասնակցել քննարկումներին, խոսել խնդիրների, դրանց լուծման միջոցների մասին և նպատակների մասին: Եվ բոլոր այն ուժերի հետ, ում հետ մենք համընկումներ կունենանք այս հարցերում, մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության հետագա ֆորմատը»: Լրագրողների այն ճշտող հարցին, արդյոք առաջիկա ընտրություններին ՔՊ-ն դաշինքո՞վ է հանդես գալու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Բացառված չի: Ես կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը պետք է տա նոր վարչությունը, բայց էլի եմ ասում, մեկ կուսակցություն դառնալու պրոցեսի ժամկետները կարող են փոխվել: Այսինքն՝ եթե մենք ասում էինք, որ 3 ամսում պետք է այդ հարցը լուծել, հնարավոր է, որ մենք որոշենք, որ այդ հարցը կարելի է լուծել 1.5 տարում, կամ 3 տարում»: Ի դեպ, տեղեկացնենք, որ համաժողովի ընթացքում ելույթ ունեցող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը համագործակցության մասին խոսեցին: Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ աշխատանքային ֆորմատում կքննարկեն այդ հարցը. «Ես կարծում եմ, որ մենք արդեն աշխատանքային ֆորմատներում կքննարկենք, թե իրենք ինչ նկատի ունեն համագործակցություն ասելով, մենք ինչ նկատի ունենք համագործակցություն ասելով և ըստ այդմ կառաջնորդվենք: Եթե կան այնպիսի ուժեր, որոնց հետ մենք ունենք նպատակների և միջոցների պատկերացումների մասին ընդհանրություններ, մենք նրանց առաջարկում ենք , որ մենք սկսենք բանակցություններ մեկ կուսակցություն դառնալու մասին: Հիմա մեր այս պատկերացումը շարունակում է մնալ նույնը, բայց կարող է փոխվել հետևյալ կոմպոնենտը, եթե մենք նախկինում ասում էինք, որ այդ մի կուսակցություն դառնալու պրոցեսը պետք է ավարտել մինչև խորհրդարանական ընտրությունները, հիմա հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ, մենք պատրաստ ենք այդ պրոցեսը քննարկել ավելի երկար ժամկետում և ֆորմալ առումով հնարավոր ենք համարում նաև դաշինքները: Այսինքն՝ մենք ունենք մեր դիրքորոշումները, բայց չենք ասում, որ այդ դիրքորոշումները կարծրացած են: Նախ իրավիճակը կարող է դինամիկ փոխվել և կարող են հնչել փաստարկներ, որոնք մենք նախկինում մենք ինչ-ինչ պատճառներով հաշվի չենք առել, կամ առաջնային չենք համարել»:



Նյութի աղբյուրը ` hraparak.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ