Ադրբեջանը գազային բանակցություններ է սկսել Թուրքմենստանի հետ

Աշխաբադում տեղի են ունեցել քառակողմ բանակցություններ Մերձկասպյան ռեգիոնում գազի` դեպի Եվրոպա արտահանման վերաբերյալ: Ինչպես հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, բանակցություններին մասնակցել են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Թուրքիան եւ Եվրահանձնաժողովի Էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեւչովիչը: Российская газета-ն էլ գրում է, որ հիմնական թեման տեղի ունեցած բանակցությունների եղել է էներգակիրների` Մերձկասպյան շրջանից արտահանման ուղիների դիվերսիֆիկացման հարցը, ասել է թե քննարկվել են այն ուղիները, որոնցով հնարավոր կլինի թուրքմենական գազը հասցնել Եվրոպա: Եվրոպացի բարձրաստիճան ներկայացուցիչ Շեւչովիչը հայտարարել է, որ ամենից հարմար ուղին Հարավային էներգետիկ միջանցքն է, որը ԵՄ համար ձեռք է բերել ռազմավարական կարեւորություն, որպես էներգետիկ մատակարարման աղբյուր: Արդեն 2019-2020 թ.թ. համար եվրոպացի պաշտոնյան հույս է հայտնել, որ մատակարարումները կարող են մեկնարկել: Ինքնին հասկանալի է, որ նախագիծը որքան էլ դիտարկվի որպես տնտեսական, այնուհանդերձ ունի քաղաքական խորը արմատներ եւ շոշափում է նույնիսկ գեոպոլիտիկ շահեր: Մասնավորապես, ուկրաինական հակամարտության սկսվելու ժամանակներից ԵՄ-ն ձգտում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ համակարգը եւ կրճատել իր գազային կախվածությունը Ռուսաստանից եւ ռուսական գազային հսկայից` «Գազպրոմից», որը հանդիսանում է մայրցամաքային Եվրոպայի գազի երեսուն տոկոսի մատակարարը: Իր հերթին Մոսկվան այս հանգամանքը օգտագործում է որպես քաղաքական կապիտալ եւ ըստ հարկի նաեւ բանեցնում է որպես էներգետիկ շանտաժի միջոց: Միաժամանակ նաեւ, Կրեմլը ամեն բան անում է Եվրոպային Միջինասիական գազից հեռու պահելու համար: Այդ իսկ պատճառով էր, որ, օգտագործելով Կասպից ծովի կարգավիճակում առկա անորոշությունն ու մերձափնյա պետությունների` իրար մեջ ունեցած հակասությունները, Մոսկվան հասավ այն բանին, որ բնապահպանական նկատառումների ծխածածկույթի տակ փորձեց վիժեցնել Կասպից ծովի հատակով որեւէ ենթակառուցվածքային էներգետիկ-տրանսպորտային միջոցի անցկացումը: Ապրիլյան պատերազմի օրերին էլ քչերը ուշադրություն դարձրին, որ կրկին գազային բանակցություններ էին տեղի ունեցել: Այս նախադեպի հիման վրա չեն բացառում, որ «ռուսական շերեփը կրկին կսկսի խառնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ճաշի կաթսան»՝ գազային բանակցությունների այս ֆազան եւս վիժեցնելու համար, եթե այլ միջոց չունենա: Այս լույսի ներքո, կարծես թե, սկսում են ընկալելի դառնալ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջերս արված տարօրինակ հայտարարությունները, որոնք նույնիսկ ադրբեջանական մամուլում էին անորոշություն ստեղծել:

 Նյութի աղբյուրը ` hraparak.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ