Պետք է տույժեր կիրառել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ

Այսօր Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած հանձնարարականների թվում նաև առողջ ապրելակերպին վերաբերող հանձնարարական կար:

«Հասարակությունից ստանում ենք արձագանքներ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու կապակցությամբ: Իրականացված ուսումնասիրությունները բավական մտահոգիչ են: Պետք է տույժեր կիրառել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ»,- ասաց նա և հանձնարարեց ՏԻՄ-երին պատշաճ վերահսկողություն սահմանել այդ երևույթի նկատմամբ:

Վարչապետը խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել նաև  սրճարաններին, ակումբներին և զվարճանքի այլ վայրերին:

Նա ասաց, որ արդեն հանձնարարել է սպորտի նախարարին քարոզարշավ կազմակերպել  առողջ ապրելակերպի հետ կապված: «Պետք է գիշերային ակումբներում, զվարճանքի կենտրոններում տարիքային սահմանափակում մտցնել»,- հավելեց նա:

Աղբյուր՝ Tert.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ