Ուկրաինայի իրադարձություններն այսուհետ չենք ընկալի Կիսելյովի եւ «Եվրոնյուզ»-ի հաղորդումների միջոցով

Հոկտեմբերի 19-23-ը հայկական մի շարք ԶԼՄ-ների ղեկավարներ Ուկրաինայում ՀՀ դեսպանատան աջակցությամբ այց են կատարել Ուկրաինա, որի նպատակն է եղել հանդիպել ուկրաինական ԶԼՄ ներկայացուցիչների հետ եւ իրականացնել համատեղ նախագծեր։ Ուկրաինայում ՀՀ դեսպանի խորհրդական Արման Աբովյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նշեց, որ հայկական կողմը ուշադրություն է դարձրել ուկրաինական ԶԼՄ-ների հետ աշխատանքին եւ 25 տարվա ընթացքում համագործակցության նման փորձ չէր եղել։ Ըստ Արման Աբովյանի, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են այնտեղ ապրող հայերի վրա։ Իսկ Ուկրաինայում մենք ունենք կես միլիոնի հասնող համայնք։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության արտասահմանյան թղթակցային ցանցի համակարգող Սերոբ Օհանյանը կարեւորում է, որ ուկրաինական կողմը տեղեկատվություն ստանա առաջին ձեռքից եւ ոչ թե պատկերացում կազմի հայ իրականության մասին միջնորդավորված։ Այդ իսկ պատճառով էլ նա կարևորում է դիվանագիտության մեջ պրոֆեսիոնալիզմը, որը ոչ թե ճիշտ փողկապ կապելն է, այլ ճկուն հարաբերությունների հաստատումը և ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանությունը: «Բլոգնյուս» լրատվական պորտալի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ նկատեց, որ ուկրաինական ԶԼՄ ներկայացուցիչների հետ հարաբերություններ հաստատելու նպատակն այն է, որ դատապարտված չլինենք Ուկրաինայի իրադարձություններն ընկալել Դմիտրի Կիսելյովի եւ «Եվրոնյուզ»-ի հաղորդումների միջոցով։ «Ուկրաինական մեդիա դաշտը եւ քաղաքական էսթաբլիշմենթը մեզ ընդունում են որպես Ռուսաստանի կցորդ եւ իրենց հակառակորդ, մենք պետք է աշխատենք իրենց հետ, որպեսզի ջարդենք այդ կարծրատիպը»,- ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը։ Արման Աբովյանն էլ նկատեց, որ ադրբեջանական կողմը լուրջ ջանքեր է թափում՝ Ուկրաինայում հիմնավորվելու համար։ Նա հիշեցրեց, որ, երբ ադրբեջանցին խոսել է ուկրաինական հեռուստաընկերությամբ, ուկրաինացի պատմաբանը նրան հակադարձել է՝ ասելով, թե նա հերքում է նաեւ ուկրաինացի պատմաբանների վկայությունները հայերի մասին։ Նա տեղեկացրեց, որ ուկրաինական ACTV հեռուստաընկերությունը երկու հաղորդում է պատրաստել Հայաստանի եւ երեքը՝ Լեռնային Ղարաբաղի մասին, եւ այդ ռեպորտաժներում Արցախը ներկայացված է որպես լիարժեք հանրապետություն։ Նոյեմբերի 11-ին նախատեսված է, որ ուկրաինական նույն՝ ACTV հեռուստաընկերությունը պետք է գա Հայաստան եւ կրկին նկարահանումներ կատարի։ Արման Աբովյանն ասաց նաեւ, որ Ուկրաինայում տեղի են ունենում աշխարհաքաղաքական տեսանկյունից ծանր պրոցեսներ, եւ Հայաստանի դեսպանությունն այնտեղ գործում է ոչ ստանդարտ մեթոդներով, քանի որ կա հայերի շահերն էֆեկտիվ ձեւով պաշտպանելու խնդիր։ Ըստ Արման Աբովյանի՝ այժմ ընթանում են բանակցություններ՝ Երեւան-Լվով եւ Լվով-Երեւան չվերթեր բացելու համար, ինչն էլ պատուհան կլինի դեպի Եվրոպա։ Թագուհի Հակոբյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ