Ի՞նչ եղավ մարդասիրական օգնությունը

Շուրջ երկու տասնամյակ մեր հանրապետությունում գործում է մի մոլագար, որը, օգտագործելով զանգվածային լրատվամիջոցները, հրապարակայնորեն մոլորեցնում է հասարակությանը: Իր խոսքն ավելի ազդեցիկ ու հավաստի դարձնելու նպատակով երբեմն հանդես է գալիս որպես պատմագիտության եւ աստվածաբանության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, եզդի ազգի կրկնակի հերոս, երբ իրականում ընդամենը մի քանի արհեստականորեն ստեղծված ՀԿ-ների նախագահ է: Այդ անձն Ազիզ Թամոյանն է: Իրականում չունի մասնագիտական կրթություն: Երկար ժամանակ զբաղվել է անասունների մսի, կաշվի ու բրդի մթերմամբ, հետագայում ինչ-որ կերպ Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի հեռակա բաժնի շրջանավարտի փաստաթուղթ է ձեռք բերել: Նա պարզապես մեծամտության մանիայով է վարակված եւ տրվել է հիվանդագին երեւակայությանը: Ա. Թամոյանը «սեփականաշնորհել» է եզդիներին, դարձրել իր բիզնեսը եւ աջուձախ զբաղվում է խառնակչությամբ` իրեն հռչակելով Հայաստանի եւ ալամ աշխարհի եզդիների պրեզիդենտ: Այն աստիճան է հավատացել ինքնախաբկանքին, որ նամակներ է գրում գերտերությունների առաջնորդներին՝ որպես հավասարը հավասարին, «երրորդ երկրի» տարածքում ընդունում է նրանց ներկայացուցիչներին եւ հարցեր լուծում: Իհարկե, նրա դիվանագիտական կապերը չօգնեցին, որ Իրաքի Շանգալը եւ եզդիաբնակ տարածքները պաշտպանի իսլամիստ ահաբեկիչներից: 2014թ. օգոստոսի սկզբներին ինքնահռչակ Իսլամական խալիֆայությունը, անտեսելով գերհզոր Ազիզ Թամոյանին, հարձակում գործեց Իրաքի Շանգալ քաղաքի եւ մերձակա տարածքների եզդիների վրա եւ անխնա կոտորածի ենթարկեց: Օգնություն ցուցաբերելու նպատակով աշխարհը ոտքի կանգնեց` ցնցվելով մարդկության հանդեպ գործած այսօրինակ ոճրից: Հայաստանի եզդիական դավանանքին պատկանող ազգաբնակչությունը, ստանալով հայ ժողովրդի անմիջական օժանդակությունը, ցանկացավ սատար կանգնել եւ իր մասնակցությունը բերել այդ մարդասիրական քայլին: «Եզդիների ազգային դիվան» ՀԿ նախագահ Ազիզ Թամոյանը չէր կարող ձեռքերը ծալած նստել եւ «Կենտրոն» հեռուստատեսությամբ ու այլ զանգվածային լրատվամիջոցներով կոչ արեց իր հայրենակիցներին մարդասիրական օգնության համար ոչինչ չխնայել եւ իրենց նպաստն ու լուման բերել, այսկերպ ողբերգության մեջ հայտնված հավատակիցների վիշտն ու նեղությունը թեթեւացնել: Այդ նպատակով միաժամանակ եւ զուգահեռաբար աշխատեցին այլ նախաձեռնող խմբեր ու ՀԿ-ներ: Աշխարհով մեկ սփռված սարսափազդու ժապավենները ոչ մեկին անտարբեր չէին թողել, եւ ցավակիցներն աշխատում էին օգնել՝ ինչով կարող էին: Անցել է երկու տարի: Այս գործով զբաղվողներն իրենց հավաքած գումարները, հագուստներն ու մթերքները ժամանակին ազնվաբար հասցրել են Թուրքիայի եւ Իրաքի փախստականների այն ճամբարները, ուր ապաստանել են արհավիրքի ենթարկված եզդիները: Սակայն առայսօր Հայաստանի եւ աշխարհի եզդիների ինքնահռչակ պրեզիդենտ Ազիզ Թամոյանը բնակչության, ինչպես նաեւ հեռուստադիտողների առջեւ հանդես չի եկել ոչ մի բանավոր եւ գրավոր հաշվետվությամբ` բավարարելու այն հետաքրքրությունը, թե ինչքան նպատակային գումար է հավաքվել եւ ինչպես է գործածվել: Հարց է ծագում՝ ինչո՞ւ չի ներկայացվում հաշվետվություն: Եթե միտումնավոր է, ապա ո՞ւր մնացին ալամ աշխարհի եզդիների պրեզիդենտի, պատմագիտության եւ աստվածաբանության դոկտորի, պրոֆեսորի, ակադեմիկոսի, եզդի ազգի կրկնակի հերոսի եւ այլ բարձրագույն, միայն բարձրագույն կոչումներ կրողի ազնվությունը, պատվախնդրությունը եւ բարոյականությունը: Եզդի ազգի ընտրյալն ու փրկիչը մի՞թե կարող է այսպես անհոգի եւ արհամարհանքով վարվել իր հավատակիցների հանդեպ: Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական նորակառույց սրբավայրում երբ այս մասին հիշեցրին, եզդի ազգի հիմնադիրն ու կնքահայրն իր զարմանքը հայտնեց համարձակության համար: Նվիրյալներին ու բարերարներին ոչինչ չէր մնում անել, քան սրբավայրի տարածքից թուքումրով դուրս հրավիրելը: Սեպտեմբերի 29-ին, սրբավայրի հերթական տարեդարձին, կրկին սրբավայրում է լինում եւ, բարձրանալով բեմահարթակ, պահանջում է իրեն ձայն տալ ելույթի համար: Չեն տալիս: Ինչպես միշտ, նա համառում է: Կազմակերպիչները հարկադրված բեմից իջեցնում են եւ նրան սրբավայրի տարածքից դուրս հրավիրում: Պատկերացնո՞ւմ եք, իր փողոցում մարգարեն մարգարե չէ: Օրեր անց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ընդունում է Հայաստանում եզդի համայնքի ներկայացուցիչներին` եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ, եւ նույնիսկ նշում, որ վաղուց էր հասունացել նման հանդիպում կազմակերպելու գաղափարը, որպեսզի հնարավորություն լինի քննարկել եզդի համայնքի կրթական հիմնախնդիրները, ինչպես նշված է կայքերում շրջանառվող լուրերում: Ժամանակին օգտվելով հանրապետության համապատասխան մարմինների, մեղմ ասած, ոչ լրջմիտ վերաբերմունքից` կարողացել է շորթել քրդալեզու (եզդիերեն) դասագրքեր կազմելու եւ հրատարակելու իրավունքը` չունենալով մանկավարժական կրթություն եւ փորձ: Այդ պատճառով, կրկին ժամանակին, երկու տասնյակ քրդաբնակ-եզդիաբնակ գյուղերի գյուղապետեր (որոնք ընդգրկված են համայնքի կողմից) եւ դպրոցի տնօրեններ (որոնք կրթությամբ մանկավարժներ են) մերժել են այդ անորակ, ընտանեկան ալբոմ հանդիսացող «դասագրքերը», որոնց մուտքը դպրոցներ կարող են երեխաներին միայն ձեւախեղել եւ մտավոր հաշմանդամ դարձնել: Տարօրինակ է, որ Եզդիների ազգային միության նախագահ, «Եզդիերեն» եւ «Եզդի գրականություն» դասագրքերի համահեղինակ Ազիզ Ամարի Թամոյանը եւ ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդման ղեկավար, «Եզդիերեն» եւ «Եզդի գրականություն» դասագրքերի համահեղինակ Հասան Մահմուդի Թամոյանը պարգեւատրվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն պարգեւով` «Ոսկե հուշամեդալով»: Նախարարության պատվոգրով եւ շնորհակալագրով պարգեւատրվել են մի խումբ մանկավարժներ, այդ թվում` Հ. Թամոյանի կինը` Գյուլփերի Քյարամի Թամոյանը: Այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչու կրթության նախարարությունում հանդիպման լուրն այդքան արագ տարածվեց ԶԼՄ-ներով, իսկ հաշվետվությունը ցայսօր մնում է չհրապարակված:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ