Թուրքիայում ԵՄ անդամ երկրների դեսպաններն արտահերթ նիստ կանցկացնեն Անկարայում



ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Թուրքիայում ԵՄ անդամ երկրների դեսպաններին արտահերթ նիստ հրավիրել Անկարայում, գրում է թուրքական «Հաբեր Թյուրք» կայքը:

Նիստը հրավիրվել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 անդամների դեմ ուղղված հատուկ ոստիկանական գործողությունից հետո:

Հիշեցնենք, որ այսօր Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

Այժմ մի շարք պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը, որն ամրագրված էր Սահմանադրության 83-րդ հոդվածով և արգելում էր պատգամավորներին «կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության», համարվում է անվավեր:

2015 թվականի դեկտեմբերին այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել էր ԺԴԿ-ի քաղաքականությունը և նրա անդամներին մեղադրել ՔԱԿ-ի հետ կապերի համար։

Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալությունից ժամեր անց «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումն ահաբեկչություն է իրականացրել Դիարբեքիր քաղաքում, ահաբեկչության զոհ է դարձել 8 մարդ, որոնցից երկուսը՝ ոստիկան:

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկման իր պատիժն է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

Աղբյուր՝ Tert.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ