Ապօրինի հարստացած պաշտոնատար անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության

ՀՀ Կառավարության այսօր կայացած նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց, որոնք, մասնավորապես, վերաբերում էին պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը: «Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճը էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»,- հայտարարել է վարչապետը՝ հանձնարարելով արդարադատության նախարարին` երկու շաբաթվա ընթացքում կառավարությանը ներկայացնել ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ օրենքի նախագիծը: «Այսպես կոչված՝ կեղծ փոխառությունները, նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով և գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի: Շատ դեպքերում պարզ չէ՝ արդյոք հայտարարագիր ներկայացրած անձը իրականում ստացե՞լ է հայտարարագրում նշված փոխառությունը, թե՞ ոչ: Այս խնդիրների լուծման նպատակով հանձնարարում եմ արդարադատության նախարարին, Կենտրոնական բանկի հետ համատեղ, երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել կանխիկ գործառնությունների սահմանափակման օրենքի նախագիծը»,- նշել է վարչապետը: Վարչապետի հաջորդ հանձնարարականը հակակոռուպցիոն մասնագիտացման մարմնի կատարելագործմանն էր վերաբերում, ըստ որի՝ անհրաժեշտոություն կա ընդլայնելու բարձր պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները՝ սահմանելով թե' կրթական, թե' կոռուպցիայի կանխարգելման գործառույթներ: Պետք է կոռուպցիոն գործարքների դեմ պայքարող իրավապահ մարմինների աշխատանքները դարձնել առավել հաշվետվողական, և, ըստ վարչապետի, պետք է օրենքով սահմանել պահանջ, որ այդ մարմինները կոռուպցիայի դեմ կատարած յուրաքանչյուր քայլի մասին հանրային հաշվետվություն ներկայացնեն: Վարչապետը Արդարադատության նախարարին հանձնարարեց հանդիպումներ անցկացնել հասարակական կազմակերպությունների, ընդդիմության ներկայացուցիչների և մնացած շահագրգիռ կողմերի հետ ու առաջարկ ներկայացնել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների և նաև կազմի վերանայման վերաբերյալ: 

Աղբյուրը ` hraparak.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ