Անգամ իր կամքին հակառակ կստիպեն ղեկավարել երկիրը

Բոլորին մի հարց է հետաքրքրում՝ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման ժամկետից հետո կդառնա՞ վարչապետ, թե՞, խոստման համաձայն, կհեռանա։ Օրեր առաջ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ այդ մասին կխոսի խորհրդարանական ընտրություններից հետո: «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը, ինչո՞ւ, դա նույնն է, որ մենք, դեռեւս ձուկը ջրում, սկսենք խոսել նրա օգտագործման մասին։ Ասելս ինչ է, որ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ, որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»։ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն «լավ քվե» ունենալու անգերազանցելի փորձ է կուտակել։ Նոր Ընտրական օրենսգրքով սահմանված ռեյտինգային քվեարկության մոդելը ՀՀԿ-ին հնարավորություն կտա 2017-ին «խփել» այնքան, որքան պետք է։ Չնայած 2014-ի սեպտեմբերին Սերժ Սարգսյանն ասել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո չի պատրաստվում լինել ոչ վարչապետ, ոչ ԱԺ նախագահ։

Ընդամենը մեկ տարի հետո այդ խոսքից հետ կանգնելու նախանշաններ են երեւում։ «Ես ինչո՞ւ եմ ասում՝ 2017 թվականից հետո, որովհետեւ լրջորեն խոսել վարչապետ դառնալու կամ կառավարություն ձեւավորելու մասին, կարելի է այն ժամանակ, երբ դու խորհրդարանում մեծամասնություն ունես: Իսկ եթե խորհրդարանում մեծամասնություն չունես՝ Սահմանադրությունը փոխված է-փոխված չէ, ինչպե՞ս պետք է վարչապետ աշխատես: Չկա այդ հնարավորությունը»,- ասել է նա: «Հիմա հրաժարվո՞ւմ եք Ձեր խոսքերից, որ չեք պատրաստվում դառնալ վարչապետ, նախագահ եւ ԱԺ նախագահ» հարցին ի պատասխան էլ ավելացրել է. «Ոչ, ես իմ խոսքերից, չասեմ երբեք չեմ հրաժարվել, բայց հիմնականում՝ լինի դա կենցաղում, թե քաղաքականության մեջ, ոչ մի բանից չեմ հրաժարվում: Ես ուղղակի չեմ ուզում լավ գործը, սկզբունքային գործը խառնել մեկ այլ գործի հետ: Սա է իմ ամբողջ նպատակը»: Անշուշտ, մեր քաղաքական գործիչները ճշտախոսության տիպարներ չեն, բայց այն, որ կարող է ստել երկրի նախագահը, երեւի թե աննախադեպ երեւույթ է։

Հանրապետական տարեց պատգամավորները համաձայն չեն այս որակումների հետ՝ ոչ ստելու, ոչ էլ խոսքից հետ կանգնելու փաստ չեն տեսնում։ Նրանք «հզոր» արգումենտներով հիմնավորում են իրենց ղեկավարի ստելու, խոսքից հետ կանգնելու իրավունքը։ Խորհրդարանի ամենատարեց ՀՀԿ-ականը՝ Մկրտիչ Մինասյանը, «առողջ եւ ճշմարիտ» է որակում Սերժ Սարգսյանի պատասխանն «Ալ Ջազիրային»։ Երբ տրամագծորեն հակառակ հայտարարության մասին հիշեցրինք, ասաց. «Ես գտնում եմ, որ այն, ինչ հիմա ասել է, իրականությանը մոտ պատասխան է»։ 2014-ին իրականությունից հեռո՞ւ հայտարարություն է արել։ «Դե, քաղաքականության մեջ միշտ քաղաքական ելեւէջներ լինում են, այնպես որ՝ դրանք տրամաբանության ու քաղաքագիտության սահմաններում են»։ Ի՞նչ նկատի ունեք։ «Ժամանակներն են փոխվում, մարդկային հարաբերությունների մեջ որոշակի տեղաշարժեր լինում, անհրաժեշտություններ են լինում, ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը երկրին, պետությանը վաղն էլ խիստ անհրաժեշտ գործիչ է լինելու՝ իր անցած ճանապարհով, իր հմտություններով, իր քաղաքագիտական ու տնտեսագիտական գիտելիքներով»,- ասաց Մինասյանը։

- Իսկ Ձեր կյանքում հաճա՞խ է լինում, որ մի բան խոստանում եք, հետո հակառակն անում։

- Ինչպես իմ կյանքում, բազում մարդկանց կյանքում էլ քաղաքականության մեջ հաճախ ասում ես մի բան, հետագայում պարզվում է, որ դու այլ բան ունես անելու, այլ առաքելություն ունես։

- Ստելո՞ւ, խոսքից հե՞տ կանգնելու։

- Ի՞նչ ստել, ի՞նչ ստելու մասին է խոսքը, հո տղայական խոսակցություն չէ՞, որ ստել... Քաղաքական կատեգորիաները մի քիչ ուրիշ բան են, ստելը ո՞րն է, էէէ... Ես ուղղակի անհարմար եմ զգում էդ բառերն օգտագործել քաղաքականության մեջ, երբ որ կա քաղաքական նպատակահարմարություն հասկացողությունը։
ՀՀԿ-ի «կոճղերից» մեկ ուրիշը՝ Վազգեն Կարախանյանն էլ ասաց, որ եթե անգամ Սերժ Սարգսյանը չցանկանա, ՀՀԿ-ն նրան կամքին հակառակ կպնդի ղեկավարել երկիրը։ «Ես կարծում եմ, որ ինքը կլսի կուսակիցների ձայնը, որովհետեւ, ի տարբերություն նախորդ նախագահների (թեպետ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մենք հարցեր չենք ունեցել), Ռոբերտ Քոչարյանն ինքն էր որոշում, ինքն ասում էր, եւ վերջ։ Սերժ Սարգսյանն այլ տակտիկա է բանեցնում, եւ կարծում եմ՝ ավելի ճիշտ է։ Ճիշտ է՝ ինքն է վերջում որոշումը կայացնում, բայց բոլորին լսում է մեկ առ մեկ։ Լսելուց հնարավոր է իր մոտ ինչ-որ փոփոխություն լինի։ Լսելը լավ շնորհ է։ Լսելը շատ դժվար է հիմա, բոլորը գիտեն, թե ամեն ինչ գիտեն»,- մանրամասնեց Կարախանյանը։ Նրա կարծիքով, եթե անգամ միայն ՀՀԿ-ի ղեկը մնա Սերժ Սարգսյանի ձեռքում, ինքն է նոր Սահմանադրությամբ կառավարելու երկիրը։ Իսկ Սերժ Սարգսյանը, կուսակից ընկերոջ կարծիքով, բոլոր արժանիքներն ունի. «Խրամատից է դուրս եկել ու աստիճանաբար վեր բարձրացել»։

- Իսկ ՀՀԿ-ն կուսակցության ղեկավարի կամքին հակառակ կառաջարկի՞ նրան ղեկավար պաշտոն զբաղեցնել։

- Անպայման կառաջարկենք, էն էլ ո՜նց կառաջարկենք, որովհետեւ նա արժանի է։ Անձամբ ես հաստատ կանեմ այդ առաջարկը։


Նյութի աղբյուրը ` Hraparak.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ