Թրա՞մփ, թե՞ Քլինթոն. Ամեն ինչ կախված է հայերից



Միացյալ Նահանգների հայությունը, որ ԱՄՆ նախագահներին պահանջների գրեթե նույն օրակարգն է ներկայացրել («ցեղասպանություն» եզրույթի արտաբերում, ԼՂ հարցի հայանպաստ լուծում), այս անգամ եւս կմասնակցի ընտրություններին։ Ու մինչ Թրամփի ու Քլինթոնի նախընտրական թիմերը եզրափակիչ հաշվարկներն են անում՝ իրենց թեկնածուների շանսերը գնահատելով, մենք զրուցեցինք Ամերիկայի Հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանի հետ: Նրա խոսքով՝ այս անգամ ակնկալվում է, որ ոչ միայն ԱՄՆ քաղաքացի հանդիսացող հայ համայնքի, այլ նաեւ մյուս համայնքների ներկայացուցիչ քաղաքացիները պիտի ակտիվորեն մասնակցեն ընտրություններին, «որովհետեւ հասկացել են, թե սա ինչ կարեւոր ընտրություն է բոլորի համար»: 

- Տիկին Վարդանյան, Ձեր կանխատեսմամբ՝ նախագահի երկու թեկնածուներից ո՞վ ավելի մեծ շանս ունի դառնալ ԱՄՆ հաջորդ ղեկավարը:

 - Ես չեմ կարող ասել, քանի որ այնքա՜ն հարցեր կան, եւ ամեն օր, ամեն ժամ նոր հարց է բարձրանում, որն ԱՄՆ քաղաքացիներին դժվարության մեջ է գցում՝ ում ընտրել: Շատերը կան, որոնք արդեն իսկ կողմնորոշվել են այդ դժվարին հարցում, բայց ամսի 8-ին եւ դրա հաջորդ օրը, հետեւելով լուրերին, նոր միայն պարզ կդառնա ամեն բան: Եթե լուրերին այժմ հետեւելու լինենք, ապա այս պահի դրությամբ Քլինթոնն է առաջատարը, սակայն կան չորս-հինգ նահանգներ, որոնք կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքի վրա:

 - Կախված այն հանգամանքից, թե ընտրություններում ով կհաղթի՝ հանրապետական, թե դեմոկրատ թեկնածուն, ըստ Ձեզ, կուսակցական պատկանելությունն այս անգամ դեր կխաղա՞ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների վրա: Թե՞ այդ հարաբերությունները ստատիկ վիճակում են, եւ նախագահի կուսակցական պատկանելությունն այդ հարցում դեր չի խաղում:

 - Եթե վերհիշենք պատմությունը, ապա կտեսնենք, որ դեմոկրատներն են աչքի ընկել հայանպաստ հարաբերությունների ձեւավորման հարցում, սակայն հանրապետականները նույնպես ետ չեն մնացել (Կոնգրեսում մեծ թվով դեմոկրատներ են եղել հայկական հարցերով հանձնախմբում): Սակայն այն, ինչ Դուք հարցնում եք, դա մեզնից է կախված առավելապես, այսինքն՝ ամերիկահայերից, ՀՀ կառավարությունից, ԱՄՆ-ում մեր դեսպանից, կարճ ասած՝ մեզնից՝ հայերիցս: Մենք ինքներս պիտի մտածենք, թե ինչպես կարող ենք առաջ գնալ, անկախ այն հանգամանքից, թե որ կուսակցության անդամ է ընտրվել ԱՄՆ նախագահ: Չմոռանանք, որ նոյեմբերի 8-ին տեղի են ունենում ոչ միայն նախագահի, այլեւ ընդհանուր ընտրություններ: Կոնգրեսականներին, սենատորներին, նախագահին, որոնց պիտի ընտրենք, նրանց բոլորի հետ էլ պետք է մե՛նք շատ ակտիվ աշխատենք, ներկայացնենք մեր խնդիրները, պահանջները, ակնկալիքները: Ճիշտ է՝ ընտրությունը տեղի կունենա, կհայտարարվեն արդյունքները, սակայն մեր գործը շարունակվում է հաջորդ օրը, հաջորդ ամսին, հաջորդ չորս տարին, եւ մենք այդ պրոցեսի մեջ պետք է շատ ակտիվ մնանք:

 - Ըստ Ձեզ, ԱՄՆ եկող վարչակարգն իր մեջ ուժ կգտնի՞ վերջապես արտաբերելու «ցեղասպանություն» եզրույթը, մի բան, որին ամեն տարի ուշիուշով սպասում է համայն հայությունը եւ ոչ միայն հայությունը:

 - Չեմ կարող ասել, իսկապես չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ հուսով եմ: Այս հարցն անընդհատ բարձրացնում ենք, եւ ես հույս ունեմ, որ ոչ միայն իրենց մեջ ուժ կգտնեն, այլ նաեւ բարոյական, ճիշտ ուղղությամբ կշարժվեն՝ ճանաչելու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը: Եվ, բացի այդ, իրենց մեջ բարոյական ուժ կգտնեն՝ հասկանալու, թե Արցախի ճանաչման խնդիրը որքան կարեւոր է հայ ժողովրդի համար:

 - Իսկ որեւէ կոչ ունե՞ք՝ ուղղված ամերիկահայությանն ու նաեւ Հայաստանի մեր հայրենակիցներին, որոնք ակտիվորեն հետեւում են սպասվելիք ընտրություններին:

 - Ամերիկացիներին, որոնք ապրում են ՀՀ-ում, եւ ամերիկահայերին, որոնք ապրում են ԱՄՆ-ում, միայն կարող եմ մեկ բան ասել՝ քվեարկեք, ձեր ձայնը կարեւոր է, ընտրությանը մասնակցելը ձեր իրավունքն է ու նաեւ ձեր պարտականությունը:

 ՀԳ. ԱՄՆ նախագահն ընտրվում է 4 տարի ժամկետով՝ փոխնախագահի հետ միասին՝ անուղղակի (երկաստիճան) ընտրակարգով: Նախագահին եւ փոխնախագահին ուղղակիորեն ընտրում է ընտրող ներկայացուցիչների կոլեգիան: Յուրաքանչյուր նահանգի օրենսդիր ժողով ընտրում է որոշակի թվով (Կոնգրեսում իրենց ներկայացուցիչների թվին հավասար) ընտրող ներկայացուցիչներ, որոնք էլ քվեարկում են իրենց նախընտրած նախագահի եւ փոխնախագահի օգտին՝ առանձին-առանձին: Ընտրվում է այն թեկնածուն, որն ստանում է ձայների պարզ մեծամասնությունը: Սպասվող ընտրությունները թվով 58-րդն են:


Աղբյուրը ` hraparak.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ