ESPN. «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հավատա Իբրահիմովիչին և դաշտ դուրս բերի Մխիթարյանին

ESPN-ի վերլուծականը գրում է ․
Հավանաբար տարօրինակ է այսպիսի բան ասել Զլատան Իբրահիմովիչի պես ֆուտբոլիստի մասին, բայց հիմա ժամանակն է պահպանել հավատը նրա նկատմամբ: Շվեդը միայն մեկ գոլ է խփել վերջին տասը խաղերում: Սակայն, չնայած «Բարնլիի» հետ հիասթափեցնող ոչ-ոքիին, նրա ելույթն այդ խաղում լավատեսություն է ներշնչում:
Նախ գոլազուրկ ոչ-ոքիի մեջ իր ներդրումն ուներ նաև «Բարնլիի» դարպասապահ Թոմ Հիթոնը: «Յունայթեդը» 37 հարված է կատարել դեպի դարպասը, որոնցից 11-ը՝ դարպասին: Իբրահիմովիչի և Խուան Մատայի համագործակցությունը երկրորդ խաղակեսում արտակարգ էր: Բացի այդ՝ «Յունայթեդի» հարձակողական գիծը դեռ ողջ ուժով չի փորձարկվել: Մրցաշրջանի սկզբում Իբրահիմովիչը և Ուեյն Ռունին միասին էին խաղում, բայց ավելի շատ խանգարում էին միմյանց: Վերջերս ավելի ու ավելի հաճախ խաղում է Մատան, և հարձակումը նկատելիորեն ավելի սահուն է: Սակայն, եթե և երբ Հենրիխ Մխիթարյանը սկսի խաղալ Ջեսս Լինգարդի փոխարեն, Իբրահիմովիչի իսկական արժեքը՝ որպես փոխանցում տվող, ակնհայտ կդառնա:
Լինգարդը որոշ առումներով Մոուրինյոյի ունիվերսալ խաղացողներից է, քանի որ ինտենսիվ կերպով հարձակվում է և զգուշությամբ պաշտպանվում: Սակայն «Բարնլիի» դեմ խաղում Լինգարդի ելույթն առաջին խաղակեսում ցույց տվեց արագ փոխանցումներ տալու ունակության բացակայություն:
Լինգարդը շատ երկար էր մտածում գնդակը փոխանցելուց առաջ: Սա էական թերություն է, քանի որ ո՛չ Մատան, ո՛չ Իբրահիմովիչը արագաշարժ չեն և հիմնվում են իրենց խաղընկերների դինամիկայի վրա: Լինգարդը չի կարողանում լավագույնը ստանալ իր թիմի 9 համարից:
Մխիթարյանը կատարյալ խաղացող է հարձակումն ամրապնդելու համար: Ենթադրվում է, որ նա բարդությունների է հանդիպել Պրեմիեր լիգայի պահանջներին հարմարվելիս, բայց անհավանական է թվում, որ մի ֆուտբոլիստ, որը կարող է Բունդեսլիգայի առաջատարը լինել գոլային փոխանցումների թվով, ինչպես 2015-ին, ավելի լավ հանդես չի գա, քան Լինգարդը:
Մխիթարյանի և Պոլ Պոգբայի միասին խաղալու միտքը գրավիչ է. հայ ֆուտբոլիստը արագություն կբերի, ինչն անհրաժեշտ է առջևի գծում, կնվազեցնի Իբրահիմովիչի մեկուսացումը և կօգնի նրան իրացնել իր հնարավորությունները:
Թեև ոմանք պահանջում են Իբրահիմովիչին դուրս թողնել հիմնական կազմից, շատ պատճառներ կան մտածելու համար, որ եթե նա գլխավորի «Յունայթեդի» լավագույն հարձակողական գիծը, այսինքն՝ Մատան և Պոգբան նրա հետևում, Մխիթարյանը՝ աջում, իսկ Մարկուս Ռեշֆորդը կամ Անտոնի Մարսիալը՝ ձախում, ապա թե՛ Իբրահիմովիչը, թե՛ մյուսները բազմաթիվ գոլերի հեղինակ կդառնան: Նա կարող է առջևի գծի հենակետը լինել և ապացուցել, որ թեև «Բարնլիի» հետ հանդիպումը հիասթափեցնող պահ էր, այն խոստումնալից ապագայի սերմերը ցանեց:

Աղբյուր՝ Totoexpert

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ