Բաքուն դիմել է Կարմիր խաչին և ԵԱՀԿ ՄԽ-ին՝ հայկական տարածքում մնացած ադրբեջանցի զինվորականի դին վերադարձնելու համար



Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հայկական տարածքում մնացած ադրբեջանցի զինվորականի մարմինը վերադարձնելու համար: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես նշված է հայտարարությունում, Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբին, այդ թվում և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին Չինգիզ Գուրբանովի մարմինը վերադարձնելու համար:

Մամուլի ծառայությունը հայտնել է, որ այժմ համապատասխան կառույցների հետ համատեղ շարունակվում են զինծառայողի մարմնի փոխանցումը կազմակերպելու ուղղությամբ աշխատանքները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ հինգշաբթի ադրբեջանցի զինվորականները դիվերսիայի փորձ են կատարել Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ, ինչի հետևանքով երեք հայ զինծառող է զոհվել:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը հայտնել էր, որ դիվերսիոն խմբի անդամներից մեկի դին «մնացել է մեր դիրքերի տարածքում»:

Աղբյուր՝
Tert.am 

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ