Արաբական քառյակի 13 պահանջներից բաղկացած վերջնագիրը Կատարին




Հունիսի 23-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրութունները, Բահրեյն ու Եգիպտոսը Քուվեյթի միջորդությամբ Կատարին փոխանցեցին 13 պահանջներից կազմված ցանկ առաջացած ճգնաժամը կարգավորելու համար:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին արաբական երկրները խզեցին կապը Կատարի հետ՝ մեղադրելով նրան ահաբեկչությանն աջակցության և տարածաշրջանի ապակայունացման մեջ: Դոհան հերքեց իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները (կարդացե՛ք «Կատարի իզոլացման իրական պատճառները »):
Որո՞նք են «Արաբական քառյակի» առանցքային պահանջները.
— Փակել «Ալ-Ջազիրա» մեդիացանցն ու դրա բոլոր մասնաճյուղերը,
— Փակել Կատարում գտնվող թուրքական ռազմաբազան, Կատարի տարածքում վերացնել Թուրքիայի ռազմական ներկայությունը ու ռազմական համագործակցությունը Անկարայի հետ,
— Կրճատել Իրանի հետ կապերը, պահպանել միայն առևտրային ու կոմերցիոն հարաբերությունները, որոնք ԱՄՆ և միջազգային պատժամիջոցներով արգելված չեն: Արտաքսել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին և դադարեցնել Իրանի հետ ռազմական ու հետախուզական համագործակցությունը:
— Դադարեցնել կապերը ահաբեկիչների, աղանդավորական կազմակերպությունների հետ, ներառյալ Մուսուլման եղբայրներ, Իսլամական պետություն, Ալ Քաիդա, Հզբոլահ և Ալ Նուսրա կազմակերպությունները:
—  Կատարում գտնվող բոլոր ահաբեկիչ հռչակված անձանց հանձնել, դադարեցնել աջակցությունն ահաբեկչական հռչակված անձանց, խմբերին ու կազմակերպություններին:
— Դադարեցնել միջամտել այդ չորս երկրների ներքին ու արտաքին գործերին և կապ ունենա քաղաքական ընդդիմադիրների հետ:
— Դադարեցնել քաղաքացիություն հատկացնել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի ու Բահրեյնի հետախուզվող քաղաքացիներին: Կատարի քաղաքացիությունից զրկել այն անձանց, ովքեր խախտել են այդ երկրների օրենքները:
— Փոխհատուցում վճարել տարիների ընթացքում ենթադրյալ սխալ քաղաքականության համար:
— Փակել Կատարի կողմից ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորվող մամուլը, ներառյալ «Arabi21», «Rassd», «Al-Araby», «Al-Jadeed» և «Middle East Eye» լրատվականները:
— Դաշնակցել Պարսից ծոցի ու արաբական երկրների հետ ռազմական, քաղաքական, սոցիալական և տնտեսական ոլորտներում, տնտեսական կապեր ապահովել Սաուդյան Արաբիայի հետ 2014 թվականին կնքված համաձայնագրի հիմքով:
— Տասը տարի ժամանակահատվածով մոնիտորինգի ենթարկվել նշված պահանջների իրագործման համար:
Արաբական քառյակի այս պահանջներին Կատարը դեռ չի արձագանքել, սակայն եթե տասն օրվա ընթացքում պատասխան չլինի, ցանկը չեղյալ կհամարվի:
Ըստ երևույթին պարզ է, որ այս պահանջները ենթադրում են Կատարի՝ որպես տարածաշրջանային քաղաքական դերակատարի «կապիտուլացիա», պահանջներն ընդունելու դեպքում Կատարը կվերածվի Սաուդյան Արաբիայի «վասալի», ինչից խուսափելը Դոհայի արտաքին քաղաքականության առանցքային նպատակն է: Ենթադրելի է, որ այս պահանջները Կատարը կմերժի, իսկ պատասխան գործողությունները իրենց մեջ ռեգիոնալ լուրջ վերափոխումների ու ազդեցության կենտրոնների բախման վտանգ են պարունակում:

GeoPolitics.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ